«Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։
Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության և պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։
Օրաթերթը փորձել է Պաշտպանության նախարարությունից պարզել՝ երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել, և հատկապես՝ ինչու է հանվել խաչը։ Սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ «Ժողովուրդին» փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան «մայիսի 28-ից հետո»։
Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։
Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, հերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ։
Փոխարենը՝ ստացվում է, որ իշխանությունը հերթական անգամ կարևոր որոշում է կայացրել ինքնագլուխ՝ հանրությունից թաքուն։
Առավել ուշագրավ է հենց խաչի անհետացման հանգամանքը, քանի որ հայկական բանակի խորհրդանիշներում քրիստոնեական և ազգային տարրերը միշտ ունեցել են ոչ միայն պատմական, այլև արժեքային նշանակություն։
Օրաթերթը նկատեց, որ Երևանի Հանրապետության հրապարակում արդեն կախված են «Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառներ, որոնց վրա ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող ենթադրյալ նոր խորհրդանիշն է պատկերված։
Այդ նոր տարբերակում, իհարկե, կա ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, որը ՔՊ-ականների նախընտրական կրծքերն է հիմա զարդարում, կա նաև արծիվ՝ մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ։
Սակայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այս պահին առկա զինանշանի տարբերակի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց քարտեզի, ինչպես նաև արծիվ, որը բազմած է խաչապատկեր վահանի վրա, իսկ սուրը՝ պատյանի մեջ է։
Հիմա Պապիկյանն իր ճաշակով փոխել է մեր ազգային բանակի զինանշանը ու հարկ չի համարում անգամ պարզաբանել՝ ինչու, ինչպես և երբ»։

Բաց մի թողեք
Գարնան 17 ակնթարթը՝ նոր «Հայրենականի» չկողմնորոշվածների համար
Ինչ էին՝ ինչ դարձան
Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել․ Լուսանկար