Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում։
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՕ-397-Ն օրենքով վերանայվել են ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման վերաբերյալ կարգավորումները։ Միաժամանակ օրենքի անցումային դրույթներով պահպանվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։
Արդյունքում գործող կարգավորումների պայմաններում բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք որոշակի առանձնահատուկ դեպքերում հնարավորություն կտան գնահատել և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվառել և օրինականացնել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցները։
Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը։
Անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անհատական գնահատման արդյունքներով և խիստ պայմանների պահպանմամբ դիտարկել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված որոշ ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով պետության, համայնքի և երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքաշինական և անվտանգության պահանջների պահպանումը։
Նախագծերով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման և օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո։
Նախագծերով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են կառավարության սահմանած կարգով հաշվառվել և ընդգրկվել կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման և հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա և ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության տված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաև օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը։
Ներկայացված փաթեթով համապատասխան լրացումներ են կատարվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում՝ սահմանելով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար գանձվող տեղական տուրքի տեսակը և դրույքաչափը:

Բաց մի թողեք
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են
Կորցրել է մեր վստահությունը
ՔՊ-ի համակիրների համար մեկ է