23/06/2026

EU – Armenia

Պատերազմող «Վճռական մենակի» կերպարով Վլադիմիր Պուտինը

Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է տեղադրել Անհայտ զինվորի խորհրդանշական գերեզմանին։ Խորհրդային Միության դեմ ֆաշիստական Գերմանիայի հարձակման օրը ՌԴ-ում պաշտոնապես նշվում է որպես «սգի և հիշատակի օր»։

Լրացել է այդ, հիրավի, պատմա-քաղաքական կարեւորագույն իրադարձության 85-րդ տարին, բայց Ռուսաստանի նախագահը հուշահամալիր է այցելել մենակ։ Նրա կողքին չի կանգնել անգամ «միութենական պետության անբաժանելի մաս կազմող» Բելառուսի նախագահը։

Նույն օրը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել։ Այդ մասին հայտնել է akorda-ն՝ Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության, օդանավակայանում Տոկաևին դիմավորել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսը։

Նախատեսված է, որ Ղազախստանի նախագահը բանակցություններ կվարի Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դոն դեր Լայենի հետ, ստորագրվեն «մի շարք երկկողմ փաստաթղթեր»։

Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը կայացել է անցյալ տարվա ապրիլի առաջին օրերին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Այն անցկացվել է «Ներդրում կատարիր հանուն ապագայի» կարգախոսով։

Ղազախստանը, որի տարեկան համախառը ներքին արդյունքը հասել է 366 միլիարդ դոլարի, քաղաքական դիտորդների կողմից ճանաչված է որպես «միջին երկիր»։ Նոյեմբերին Ղազախստանի նախագահը Դոնալդ Թրամփի անձնական հրավերով կմասնակցի G 20-ի գագաթաժողովին։

Անցյալ տարի Ղազախստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Օրերս Ուզբեկստանում է գտնվել Գերմանիայի նախագահ Շտայնմայերը։ Մեկ շաբաթվա տարբերությամբ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բանակցություններ է վարել Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների հետ։

Հունիսի 22-ին Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը այցելել է Ադրբեջան, որտեղ հեռավար մասնակցել է Թուրքմենստանի համար Բաքվի նավաշինարանում կառուցված «Դոստլուկ» լցանավի լուղարկման արարողությանը։

Այս իրադարձությունները տեղի են ունեցել Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովին հաջորդած ոչ լրիվ երկշաբաթյա ժամանակահատվածում և վկայում են, որ հետխորհրդային տարածքի երկրները տնտեսության, կապուղիների և լոգիստիկայի դիվերսիֆիկացման տենդագին փնտրտուքի մեջ են։

Ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովուրդների պատերազմը տևել է ոչ լրիվ չորս տարի։ Հինգերորդ տարին է, Ռուսաստանը Ուրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողություն» է իրականացնում, բայց չոր արդյունքը այն է, որ հունիսի 22-ին ուկրաինական հրթիռները Վորոնեժում ռազմական նշանակության գործարան են խոցել, իսկ դրոնային հարձակումները հերթական անգամ կաթվածահար են արել Մոսկվայի օդանավակայանները։

Ստեղշված իրավիճակում ՌԴ նախագահ Պուտինը գոնե առերևույթ ընտրել է «Վճռական մենակի» կերպարը։ Արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս «Անքորիջի պայմանավորվածությունները պետք չեն, պետք չէ հրադադարի համաձայնություն, Ռուսաստանին պետք է միայն հաղթանակ»։

Դա իրոք պետական որոշո՞ւմ է, թե՞ դիվանագիտական «ծխածածկույթ», չափազանց դժվար է նույնիսկ կռահել։ Կարծես թե ակնհայտ է դառնում, որ պատերազմող «Վճռական մենակի» կերպարով Վլադիմիր Պուտինը եթե նոր թշնամիներ չի շահում, ապա հին բարեկամներ հաստատ կորցնում է։