25/06/2026

EU – Armenia

Ինչ է Թուրքիան Ռուսաստանի համար ու ինչ կլինի

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը ներկա է գտնվել Կազարմանի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Նարին գետի վրա ՀԷԿ-ը նախատեսվում է շահագործման հանձնել հինգ տարի հետո՝ 2031 թվականին։

Այն կունենա 912 մեգավատ հզորություն։ Հանդիսավոր արարողության բացման խոսքում Ղրղըզստանի նախագահը Կազարմանի հէկ-ի կառուցումը ներկայացրել է որպես Թուրքիայի հետ «հավերժական եղբայրության ևս մեկ առարկայական վկայություն»։

Ղրղըզստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող հիդրոէլեկտրակայանի նախագծային արժեքը կազմում է 3 միլիարդ դոլար, որ կհատկացնի Ortazia Investment Holding հիմնադրամը, իսկ շինարարությունը կիրականացնի թուրքական Ihlas Holding ընկերությունը։

Ըստ Turkiye պարբերականի, նախատեսվում է, որ Կազարմանի հէկ-ը ոչ միայն կբավարարի Ղրղըզստանի կարիքները, այլեւ հնարավորություն կտա, որ Կենտրոնական Ասիայի «այդ թուրքական պետությունը լինի էլեկտրաէներգիա արտահանող»։

Ղրղըզստանի բնակչությունը պաշտոնական տվյալներով 7,4 միլիոն է, երկիրը տարեկան գեներացնում է ընդամենը 23 միլիարդ դոլարին համարժեք ՀՆԱ։ Այս առումով միայն էներգետիկ ոլորտում արվող երեք միլիարդ դոլարի ներդրումը Կենտրոնական Ասիայի այդ երկրի համար, իրոք, չափազանց կարեւոր նշանակություն ունի։

Բայց ավելի քան սկզբունքային է, որ ներդրումները կատարում է Ortazia Investment Holding հիմնադրամը, իսկ հէկ-ը կառուցելու է թուրքական Ihlas Holding-ը։

Էներգետիկ ցանկացած ենթակառուցվածք ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական-անվտանգային նշանակություն։ Այդ ոլորտում երկրների համագործակցությունը գնահատվում է որպես փոխադարձ վստահության բարձր մակարդակի ցուցիչ։

Ղրղըզստանում թուրքական ընկերության կողմից հէկ-ի կառուցումը վկայում է, որ այդ տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական ներկայությունը փաստ է։

Չափազանց ուշագրավ է, որ Կազարմանի հէկ-ի հիմնարկեքի արորղության օրով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը ՆԱՏՕ-ին մեղադրել է հետխորհրդային տարածքի «խամաճիկային ռեժիմների» միջով ՌԴ սահմաններին «մոտենալու» մեջ։ Նա խոսել է նաև այդ «ծրագրում Հայաստանին ներգրավելու միտումների» մասին։

Ղրղըզստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, Կենտրոնական Ասիան Ռուսաստանի «նուրբ փորատակն» է, սահմանակից տարածաշրջան, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այլևս ոչ միայն մարդասիրական, կրթա-մշակութային ծրագրեր է իրականացնում, այլ հիդրոէլեկտրակայան է կառուցում, կրիտիկական նշանակության ենթակառուցվածք, որի անվտանգությունը ապահովելու համար, կասկածել պետք չէ, վաղը Ղրղըզստանում թուրքական հատուկ նշանակության զորախումբ է տեղաբաշխվելու։

Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահի պաշտոնում առաջին այցը կատարել է Բաքու, Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել «Բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին» երկրորդ Հռչակագիր:

Մեդվեդևը ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է 2008թ․ մայիսին, նույն տարվա հուլիսի 3-ին այցելել է Բաքու, իսկ 2010թ․-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Աբդուլլա Գյուլը ստորագրել են «Ռազմական փոխօգնության մասին» պայմանագիրը։ Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞։