Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իրական արդյունքները, ինչպես ասում են՝ «իրենց զգացնել կտան» առաջիկա ամիսներին։ Բայց կան իրողություններ, որ նկատելի են անգամ առաջին հայացքից։ Առայժմ կարելի է առանձնացնել երկու հանգամանք։
Չնայած թուրքական կողմի ակնհայտ լավատեսությանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հարցում վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։
Այդ է վկայում Էրդողանի ակնարկը, որ «ամբողջ աշխարհը ԱՄՆ-ի հաստատակամությանը հավատում» է։ Երևում է, Թրամփը, այնուամենայնիվ, Իսրայելի վարչապետ Նաթանյահուին «լսել» է։
Ավելի քան արտառոց տեղեկություն տարածել է Politico-ն, որի աղբյուրների փոխանմամբ՝ գագաթաժողովի ավարտին Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներին «մարտական փամփուշներով լիցքավորված՝ թուրքական արտադրության ատրճանակներ է նվիրել, որոնց վրա «արտահանման արգելքը հանված» է փորագրություն է արված»։
Վերջին պահին, սակայն, Եվրոպայի խորհրդի նախագահ Կոշտայի անվտանգության ծառայությունը «հուշանվեր ատրճանակները առգրավել է և ի պահ հանձնել թուրքական կողմին»։
Այդ քայլը հիմնավորվել է եվրոպական օրենսդրությամբ, որ Բրյուսելում արգելում է մարտական զենք կրել։ Ըստ Politico-ի իրազեկ աղբյուրների, Էրդողանի նվեր ատրճանակները «կարող են Բրյուսել հասնել միայն ոչ մարտական տեսքի բերելուց հետո»։
Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներին Էրդողանի «ռազմական նվերը», իհարկե, զուտ քաղաքավարական ժեստ չէ, այլ ունի խորհրդանշական իմաստ։ Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, ակնարկել է, որ իր երկիրը ունի հզոր ռազմաարդյունաբերական համալիր և պատրաստ է Եվրամիության անվտանգության ապահովման առաքելության։
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը փաստացի հրաժարվել են ընդունել Էրդողանի «հուշանվերը»։ Դրանից, երևի, չի հետևում, որ Եվրամիությունը ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացմանը Թուրքիայի մասնակցությանը դեմ է։ Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի «ինքնավարությունը ընդունել-չընդունելու երկընտրանքն» է։
Առայժմ, կարծես, Էրդողանին չի հաջողվել ՆԱՏՕ-ում «ԱՄՆ-ից հետո երկրորդի» կարգավիճակ ստանալ։ Հարց է, թե նա կսահմանափակի՞ հավակնությունները, թե՞ ֆորմալացման հասնելու համար կդիմի քայլերի։
Անկարայում ԱՄՆ նախագահը «լեզվից թռցրել» է, որ եթե ինքը չմիջամտեր, Թուրքիան Իսրայելի հետ «պատերազմ կսկսեր»։

Բաց մի թողեք
Մայրաքաղաքները մերժում են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հաջորդ պատժամիջոցների փաթեթը
Պուտինը Թրամփի «հեռախոսազանգին պատասխանել» է ու համաձայնել Զելենսկու առաջարկին
ՌԴ նավթավերամշակման գործարանը «խոցվել» է Ադրբեջանի մասնակցությամբ