Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ընդամենը հին օր հետո Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլօղլուն TCG Istanbul ֆրեգատով մտել է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ։
Այդ մասին հայտնել է «Անադոլուն»՝ հղելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը։
Իր կողմից Թուրքիայի պետական գործակալությունը հավելել է, որ 2011 թվականից ի վեր դա «թուրքական ռազմածովային ուժերի Սիրիայի ջրային տարածք առաջին այցն» է։ Ֆրեգատը, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի հպարտությունն է, մարտական ծառայության է անցել 2024 թվականին։
Այն նախագծվել և կառուցվել է ՌԾՈՒ արդիականացման MILGEM ծրագրի շրջանակներում։ Ռազմանավի գրեթե բոլոր սպառազինությունները, ռադարները և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները «արտադրված» են Թուրքիայում։
Թուրքական ֆրեգատը Լաթաքիայի նավահանգիստ է մտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դամասկոս այցից ոչ լրիվ մեկ շաբաթ հետո։ Տարեսկզբին Սիրիայի կառավարությունը հաստատել է Լաթաքիայի նավահանգիստը ֆրանսիական ընկերությանը կոնսեցիոն կառավարման հանձնելու մասին համաձայնագիրը։
Ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է կատարել 230 միլիոն եվրոյի ներդրումներ և նավահանգիստը բացառապես քաղաքացիական բեռնափոխադրումների համար շահագործել երեսուն տարի։
Թուրքական ֆրեգատի Լաթաքիայի նավահանգիստ մուտքը փաստացի ազդարարել է, որ ֆրանսիական ընկերությունը կարող է գործել միայն Թուրքիայի ռազմական ներկայության պայմանով։ Լաթաքիան Սիրիայի ալավիաբնակ նահանգ է, որտեղ Դամասկոսի անցումային կառավարության հեղինակությունը ցածր է։ Անցյալ տարի այդ նահանգում ալավիները ենթարկվել են դաժան բռնությունների։
Սիրիայի միջերկրածովյան մյուս հայտնի նավահանգիստը՝ Տարտուսը, Ռուսաստանի ՌԾՈՒ հենակետն է։ Ըստ տեղեկությունների, Սիրիայի անցումային կառավարությունը ՌԴ ռազմական ներկայության դեմ «սկզբունքային առարկություն չունի»։ Թուրքական ռազմանավը Սիրիայի ջրային տարածք է մտել Իսրայելի Կնեսեթի արձակման մասին որոշման հաջորդ օրը։
Իսրայելում հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ընտրություններ են նշանակված, և առաջիկա ամիսները բոլոր առումներով «թեժ են լինելու»։ Պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական ներկայությունը ծավալելու Թուրքիայի «բոլոր փորձերը համարժեք պատասխան կստանան»։
Կոնկրետ Լաթաքիայում ռազմածովային թուրքական «ներխուժում իրականացնելու» փաստին ինչպե՞ս և ե՞րբ կարող է արձագանքել Իսրայելը, պարզ չէ։
Կարծես թե ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սիրիայի անցումային առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ։
Իսրայելը ռազմական ներկայություն ունի Սիրիայի հարավում և Գոլանի բարձունքներում։ Արաբական երկիրը, որտեղ սուր է նաև քրդական «ինքնավարության» հարցը, կհաղթահարի՞ միանգամից մի քանի երկրի ռազմական ներկայությունը։ Թե ամեն ինչ արվում է, որպեսզի Սիրիան մասնատվի՞։

Բաց մի թողեք
Իրանի կողմից Դոնալդ Թրամփին արված «խիստ զգուշացումը»
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների «կարմիր գիծը հատել» է
Եվրամիության հետ Թբիլիսիի և Բաքվի «անհաշտ մտերմությունը»