15/07/2026

EU – Armenia

Ամեն դեպքում չէր կարելի զբոսաշրջիկների հետ նման կերպ վարվել

Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տան աշխատակիցները երեկ բողոքի ակցիա էին անում՝ իրավապահ մարմինների կողմից հյուրանոցային համալիրի գործունեության կասեցման եւ շենքը կապարակնքելու հետ կապված:

Աշխատակիցները պահանջում էին վերաբացել իրենց աշխատավայրը՝ հիմնավորելով, որ փակումն անմիջականորեն սպառնում է իրենց ֆինանսական եկամուտներին, իրենց զրկում է եկամտի աղբյուրից, վնասում է հանգստյան տան գործունեությանը: Ի դեպ, Ծառուկյանի բոլոր ընկերություններն են այս օրերին փակվել՝ սկսած «Փարավոն» ռեստորանային համալրից, «Մուլտի Վելնես» մարզասրահից մինչեւ Օլիմպավան, որտեղ սպորտսմեններ էին մարզվում։

Հանգստյան տան աշխատակիցներից մեկը «Հրապարակի» հետ կապ հաստատելով պատմել էր, որ զբոսաշրջիկներին պարզապես վռնդել են իրավապահները հանգստյան գոտուց եւ անգամ լողավազանում լողացող մարդկանց հնարավորություն չեն տվել հանգիստ հագնվել՝ կիսամերկ մարդկանց ասել են, որ պետք է լքեն տարածքը: Իսկ այդ մարդիկ բավականին մեծ գումարներ են վճարել, որպեսզի ամռան այս շոգ օրերին իրենց հանգիստն անցկացնեն Ծաղկաձորում, նրանց մեջ նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկներ են եղել։ «Ժողովրդավար» Հայաստանում, պարզվում է, ոչ միայն ընդդիմադիր գործիչները եւ քաղաքական այլախոհները չունեն իրավունքներ, այլեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները, մարզվող սպորտսմենները կամ մարզասրահից օգտվող հաճախորդները:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ նախադեպ է սա, երբ տուրիստին անգամ շոր հագնելու հնարավորություն չեն տալիս եւ կիսամերկ վիճակում վռնդում են հանգստյան գոտուց՝ «հույժ կարեւոր օպերացիա» իրականացնելու համար: Ապրեսյանը, անդրադառնալով հարցին, մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, ես դեպքին ականատես չեմ եղել, սակայն եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասվում է, ապա խախտվել են զբոսաշրջիկների իրավունքները: Նույնկերպ կարող էին խախտվել, օրինակ, ինչ-որ անվտանգության հետ կապված գործողությունների ժամանակ, ենթադրենք՝ եղել է գազի արտահոսք, պետք է զբոսաշրջիկներն արագ լքեն տարածքը: Այնուամենայնիվ, նման աշխատանքները պետք է արվեն բալանսավորված, որպեսզի ոչ մի զբոսաշրջիկ չտուժի: Պետք է բոլոր կարեւոր նորմերը պահպանվեին, ես չեմ ասում, թե իրավապահները չկատարեին իրենց աշխատանքը, բայց չէր էլ կարելի զբոսաշրջիկների հետ նման կերպ վարվել: Մարդիկ գումարներ են վճարել, իրենց հանգիստն են վայելում, ո՞նց կարելի է մարդկանց ասել` հեռացեք ու էլ մի վերադարձեք»: