21/07/2026

EU – Armenia

Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները չեն ընդհատվել

Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Հորդանանում մասնակցում են «ահաբեկչության դեմ պայքարի և հատուկ ռազմագործողությունների անցկացման զորավարժությունների»։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Զորավարժություններին, որ ստացել են «Զուլֆիկար» պայմանական անունը, Հորդանանի թագավորական հատուկ նշանակության հրամանատարության զինվորականներից զատ մասնակցում են Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատայինները։

Զորավարժությունների նպատակը ռազմականին մոտ իրավիճակում հատուկ նշանակության ստորաբաժանումների համագործակցության, նրանց կողմից արդիական ռազմատեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու սարքավորումների կիրաառման ստուգատեսն է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի և ավարտի ժամկետներ չի մատնանշել։ Այլ աղբյուրների տեղեկություններով, «չնայած Իրանի կողմից Հորդանին հասված հասցվող հարվածներին, Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները չեն ընդհատվել»։

Իսլամական աշխարհում «զուլֆիկար» է անվանվում Մուհամեդ մարգարեի երկսայրի սուրը, որ խորհրդանշում է արիություն, արդարություն եւ հանուն հավատի պայքար։ Չափազանց խորհրդանշական է, որ Հորդանանի տարածքում ամերիկյան ռազմական հենակետերը Իրանը, ըստ տեղեկությունների, թիրախավորել է «Զուլֆիկար» հրթիռներով։

Ըստ էության, Հորդանանի, Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները հակաիրական բնույթ և նշանակություն ունեն։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկությամբ՝ զորավարժությունների ընթացքում «փորձարկվում են նաև բնակավայրերում պատանդների ազատ արձակման համար մարտական գործողություններ վարելու հմտությունները»։

Այդ զորավարժությունների վերաբերյալ իրանական կողմից առայժմ հրապարակային արձագանք չկա։ Հայտնի է դարձել, որ Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Մոմենին մեկնել է Իսլամաբադ, որպեսզի Պակիստանի բարձրագույն ղեկավարությանը «փոխանցի նախագահ Փեզեշքիանի ուղերձը»։

Անկարայի և Բաքվի հետ պաշտոնական Թեհրանի շփումների մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։ Թեհրանը հորդանանյան զորավարժությունները կփոխադարձի՞։