Չորրորդ օրն է, նորընտիր Ազգային ժողովը աշխատում է։ Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ են բարձրացել, ինչպես ասում են՝ «երկրի թիվ մեկ ամբիոն»։ Առայժմ կարելի է առանձնացել քաղաքական երկու հայտարարություն:
ԱԺ նախագահի թեկնածուի կարգավիճակով Ռուբեն Ռուբինյանը ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր երկամյա որդին և Հայաստանի բոլոր երեխաները պատերազմ չտեսնեն, իսկ պատգամավոր Եղոյանը՝ սահմանել, որ այսօր և առաջիկայում քննարկելու մի գերխնդիր կա՝ Հայաստանը որքանո՞վ կարող է Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն վարել։
Մի իրավիճակում, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ փաստացի տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, մշուշոտ է իրանա-ամերիկյան «գործարքի» ապագան, Կենտրոնական Ասիայի երկրները և Ադրբեջանը «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր տարածաշրջան են ստեղծում», որ, անկասկած, նրանց և Վրաստանի առջև ուժային բոլոր կենտրոնների համար գրավչության և առարկայական գործընկերության լուրջ հեռանկար է բացում, երբ Հայաստանի վարչապետը մտադիր է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ներկայացնել Հայաստանի «օրակարգի բոլոր խնդիրները», ԱԺ նախագահի թեկնածուին հարցնել Թուրքիայում ուսանելու տարիներին «թուրքերի հետ շփումներ ունեցե՞լ» է,- կամ զավեշտ է, կամ՝ կանխամտածված դիտավորություն։
Նպատակը, կարելի է ենթադրել, Ազգային ժողովի քաղաքական ապալեգիտիմացումն է։ Ընդդիմադիր պատգամավորները միմյանց հերթ չտալով՝ կրկնում են հետընտրական նարատիվները՝ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդի մեծամասնության քվեն չի ստացել», ԿԸՀ-ն «ԲՀԿ-ի մանդատները գողացել է» և «ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի» և այլն։ Ըստ երևույթին, այս եւ այլ «բանաձևերումները» շրջանառվել են, որպեսզի արդարացվի ընդդիմության հարցադրումների «կենցաղային», ապաքաղաքական, Հայաստանի ազգային-պետական օրակարգին չաղերսվող բնույթը։
Առաջին հայացքից կարելի է տպավորություն ունենալ, թե ընդդիմությանը «պրոֆեսիոնալիզմը չի հերիքում»։ Բայց դա, հավանաբար, «իրողության մակերևույթն» է։ Խորքում ի՞նչ է ծրագրվում, պետք է առաջին հերթին ԱԺ քաղաքական մեծամասնությանը հուզի։
Ի վերջո, «պատերազմ չտեսնելու» և Ռուսաստանից հնարավորինս անկախ արտաքին քաղաքականություն վարելու խնդիրների լուծման պատասխանատվությունը վարչապետ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուսերին է։
Նրանք այդ ծանրությունը հաջողությամբ կհաղթահարեն, եթե կարողանան Ազգային ժողովը ուղղորդել քաղաքական լուրջ և պատասխանատու քննարկումների։ Նրանց փոխարեն դա ոչ ոք չի անելու։
․․․Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է, որ 2020թ․-ին Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու հնարավորությունը՝ ԼՂ շուրջ տարածքների վերադարձ, Ադրբեջանի կազմում «ինքնավար մարզի կամ մի փոքր ավելի բարձր կարգավիճակ» և երբ պատգամավորներին հարցրել է՝ «համաձայնե՞նք», դահլիճը միաձայն «Ո՜չ» է ասել։

Բաց մի թողեք
Օջալանի և PKK-ի ղեկավարների նկատմամբ որևէ «գթասրտություն» չեն ցուցաբերել
ԵՄ-ի հետ «բանակցությունները տեղի են ունեցել Ալիևի ընտանիքին պատկանող հյուրանոցում»
Ինչո՞ւ է ՔՊ-ն ավագանու անդամներին բերել ԱԺ. Մարդկային սով ՔՊ-ում, թե՞ քաղաքական մտքի «տիտանների» հայտնաբերում՝ համայնքներում