06/08/2026

EU – Armenia

Թեհրանի կողմից ինչպե՞ս կօգտագործվի՝ կարևոր է նաև Հարավային Կովկասի և Հայաստանի համար

«Նյու Յորք թայմսի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ը և Իրանը «մոտ են համաձայնագրի նոր տարբերակին»։ Ըստ այդմ, Հորմուզի նեղուցում նավագնացությունը «կիրականացվի երկու երթուղով: Պարսից ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային՝ իրանական առափնյակին հարող «միջանցքով», իսկ Ծոցից դուրս եկող նավերը կօգտագործեն հարավային՝ Օմանի ափամերձ երթուղին»։

Իրանի պաշտոնական աղբյուրները պարբերականին ասել են, որ իշխանությունները «մտադիր չեն տրանզիտային տուրքեր սահմանել, փոխարենը կգանձվի «ծառայությունների դիմաց» վարձավճար»։

Ենթադրվում է, որ այդ գումարները կծախսվեն նեղուցի շահագործման «բնապահպանական հետևանքների փոխհատուցման և անվտանգ նավագնացություն ապահովելու նպատակով»։ Ըստ ամերիկյան պարբերականի ունեցած տեղեկությունների, «ստացված եկամուտները հավասարապես կկիսվեն Իրանի և Օմանի միջև»։

Սպիտակ տան աղբյուրը, մինչդեռ, «Նյու Յորք թայմսին» ասել է, որ համաձայնագրի «իրանական մեկնաբանությունը իրականությանը չի համապատասխանում, քննարկվում է միայն նավագնացության համար ժամանակավոր երթուղու ստեղծումը, որը չի ենթադրում ունենալ Իրանի համաձայնությունը և որևէ տեսակի գանձում չի նախատեսում»։

Bloomberg-ը իր հերթին գրել է, որ Իրանը «դիտարկում է Հորմուզի նեղուցի ականազերծմանը եվրոպական երկրների մասնակցության հնարավորությունը», ինչը, պարբերականի գնահատմամբ՝ «կարող է վկայել, որ Թեհրանը, իրոք, ԱՄՆ հետ գործարքին մոտ» է։ Այդուհանդերձ, Իրանի ղեկավարությունը «այդ հարցում դեռևս վերջնական որոշում չունի»։

Արևմտյան երկու դիվանագետ ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որպեսզի «Իրանը Հորմուզի նեղուցը ականազերծող միակ երկիրը լինի»։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկել են «Եվրամիության ռազմա-ծովային ուժեր ուղարկել Հորմուզի նեղուց, բայց դրա համար պետք է ունենալ ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը»։

Եթե այս տեղեկությունները իրականությանը գոնե մոտ են, ստացվում է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը Իրանի ռազմավարական դիրքերը և ներքին կազմակերպվածությունը միայն ամրապնդել է։ «Նյու Յորք թայմսի» տեղեկություններով՝ «համաձայնագրի նոր տարբերակը նախատեսում է, որ Իրանի միջուկային ծրագիրը բանակցությունների հաջորդ փուլի առարկա կլինի», իսկ հրթիռային միջոցների հեռահարության սահմանափակման մասին «առհասարակ քննարկումներ չկան»։

Իրանի շուրջ լարվածությունը միայն սեփական ուժերով հանգուցալուծելու ամերիկյան կանխածրագիրը, երևում է, իրականությունից զգալիորեն հեռու է մնում, իսկ պատերազմը «տարածաշրջանով մեկ ընդլայնելու» իրանական սպառնալիքը, ընդհառակը, «աշխատել» է:

Պարսից ծոցի արաբական երկրների մեծ մասը, որ ԱՄՆ դաշնակիցներ են, Դոնալդ Թրամփին «հորդորել» են դադարեցնել Իրանի դեմ հարվածները և վերադառնալ բանակցությունների սեղանին։

Ի՞նչ իրավիճակ է արձանագրելու իրանա-ամերիկյան «գործարքի նոր տարբերակը»՝ հայտնի կդառնա փաստաթղթի հրապարակումից հետո։ Քաղաքական առումով, սակայն, պետք է ընդգծել, որ եթե «նոր անակնկալներ չլինեն», ապա Իրանը ռազմավարական պարտություն չի կրի։ Այդ ռեսուրսը Թեհրանի կողմից ինչպե՞ս կօգտագործվի՝ կարևոր է նաև Հարավային Կովկասի և Հայաստանի համար։