Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանը և Սիրիան Հմեյմիմի և Տարտուսի ռազմահենակայանների հարցում «համապատասխան հուշագիր են ստորագրել»
Այդ մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը՝ հղելով երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը։ Ըստ այդմ, կողմերը համաձայնել են, որ ռուսաստանյան հենակայանները կվերափոխվեն ուսումնա-վարժական կենտրոնների, որ «կգործեն ի շահ երկու երկրների»։
Ռուսաստանի Ռազմածովային ուժերի նավերը Տարտուսում կունենան «հաստատգրված կառանատեղիներ, բայց նավահանգստի ամբողջական վերահսկողությունը կանցնի Սիրիային»։
Ինչ վերաբերում է Հմեյմիմի ռազմաօդային հենակայանին, ապա այն հարակից բոլոր ենթակառուցվածքներով կփոխանցվի Սիրիայի «քաղաքացիական իշխանություններին» և, ըստ էության, կդադարի գործել։ Հուշագիրը նախատեսում է «հանձնման-ընդունման» եռամսյա ժամկետ, որի ընթացքում «համաձայնեցված բոլոր միջոցառումները պետք է հասցվեն ավարտին»։
Սիրիական իշխանությունները նաև համաձայնել են, որ Տարտուսի նավահանգիստը «Հյուսիսային Աֆրիկայի հետ լոգիստիկայի ապահովման համար» Ռուսաստանի կողմից օգտագործվի։
Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություն է տարածել, որ Տարտուսում և Հմեյմիմում ռազմահենակայանները պահպանելու դիմաց Սիրիայի իշխանությունները Ռուսաստանից «պահանջել են արտանաձնել տապալված բռնապետ Բաշար Ասադին, նրա եղբայր Մահիր Ասադին, ինչպես նաեւ վերադարձնել նրանց կողմից Ռուսաստան տեղափոխված չորս միլիարդ դոլար գումարը»։ Դժվար է ասել, թե այդ տեղեկությունը որքանո՞վ է հավաստի կամ «հնարածին»։
Փաստ է, որ սիրիական կողմի տարածած տեղեկատվությունը առանց որևէ մեկնաբանության տեղ է գտել ՏԱՍՍ-ի պաշտոնական լրահոսում, ինչից հետևում է, որ այն հավաստի է։ Մեծ հաշվով դա նշանակում է, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական ներկայությունը կորցնում է։
Ընդ որում, Դամասկոսի նոր իշխանությունները Տարտուսի նավահանգիստը կոնցեսիոն կառավարման են հանձնել ֆրանսիական ընկերության, իսկ Հմեյմիմի օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, կծառայի Թուրքիայի հակաօդային պաշտպանության և ռադիոլէկտրոնային պայքարի ուժերին։
Պետք է հաշվի առնել, որ Սիրիայի նոր իշխանությունների բոլոր քայլերը խստորեն համաձայնեցվում են Թուրքիայի հետ։ Հատկանշական է, որ, չնայած «ջիհադական» անցյալին, Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաան պաշտոնական ընդունելության է արժանացել Սպիտակ տանը, իսկ Եվրահանձնաժողովը չեղարկել է նախկինում սահմանած պատժամիջոցները։ Կարելի է ենթադրել, որ Տարտուսի նավահանգստի և Հմեյմիմի օդանավակայանի «էքսպրոպրացիան» այն տուրքն է, որ ալ-Շարաան իր հանդեպ լոյալության դիմաց վճարել է Վաշինգտոնին և Բրյուսելին, բայց Սիրիաից Ռուսաստանի «արտաքսման» առաջին և գլխավոր շահառուն, անկասկած, Թուրքիան է։

Բաց մի թողեք
Հայաստանի շուրջ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող «անհետևանք լինել»
ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը»
Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան