ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի շուրջ Հայաստանի ընդդիմության և նրա հետ աֆիլացված լրատվամիջոցների գնահատականը հիմնականում իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հանդեպ քննադատական, հեգնական կամ «խղճահարույց» է։
Որոշ դեպքերում նույնիսկ Փաշինյանը քննադատվեց «Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման պատասխանատվությունը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վրա բարդելու» մեջ։
Իրականում, ինչպես պարզվում է ղազախստանյան մամուլի «թռուցիկ» հրապարակումներից, այդ նիստը ընթացել է նկատելիորեն բարդ մթնոլորտում։
Eldala կայքը, մասնավորապես, փոխանցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բետկենովի ելույթի այն հատվածը, որտեղ նա առաջարկել է «Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ սննդամթերքի հասանելության մշտական դիտարկում իրականցնել»։
Այդ առաջարկությունը նա հիմնավորել է «ձեռնարկատերերի կողմից գործընկեր երկրներ մսի, թռչնամսի և բարձր յուղայնության կաթնամքերքների արտահանման ժամանակ ծագող առանձին հարցերի վրա ուշադրություն դարձնելու» մտահոգությամբ։
Ղազախստանի վարչապետը առաջարկել է «համակարգված և համապարփակ դիտարկումներ իրականացնել՝ պարզելու անդամ երկրների կողմից ԵԱՏՄ շրջանակներում իրենց պարտավորությունների կատարումը»։
Այդ առումով նա կարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դերը, որ «պետք է հետևողական և օբյեկտիվ մոտեցում դրսեւորի և կարգավորի ծագած իրավիճակը, ինչպես նաև միջոցներ կիրառի, որպեսզի փոխադարձ առևտուրը զսպող խոչընդոտները հաղթահարվեն», իսկ «սահմանափակումները երևան հանվելու դեպքում անհրաժեշտ է սահմանված կարգով ապահովել քննարկում և դրանք վերացնելու կոնկրետ առաջարկություններ մշակել»։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ միայն Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումն է կասեցրել, այլև ԵԱՏՄ այլ երկրներ իր տարածքով դրանց արտահանումը» Ղազախստանի վարչապետը, ըստ էության, բարձրացրել է ԵԱՏՄ երկրների շուկաների համար ազատ ապրանքաշրջանառության ապահովման խնդիրը և այն կարգավորելու պարտավորությունը հասցեագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
Դա վկայում է, որ ապրանքների արտահանման եւ ներմուծման խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանը, այլև Ղազախստանը, որի տնտեսությունը ԵԱՏՄ-ում Ռուսաստանից հետո երկրորդն է։ Ղազախստանի վարչապետի ելույթին, անշուշտ, չի հետևում, թե առկա խնդիրները տեսանելի ապագայում կարգավորվելու են, և Ռուսաստանը դադարելու է խտրական քաղաքականության վարել։
Այդուհանդերձ, ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առկա իրավիճակի բացահայտումը և խոչընդոտները վերացնելու առաջարկությունը վկայում են, որ Ղազախստանը նույպես սատարում է առկա և ծագող խնդիրները իրավա-պայմանագրային հիմքով և բոլոր կողմերի հավասար իրավունքների հարգման սկզբունքով կարգավորելու այն տեսակետին, որ ավելի բաց և հանգամանալի ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։

Բաց մի թողեք
Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ. Լուսանկար
Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո
Մոլդովան ետ է կանչում իր դեսպանին Ռուսաստանից. Լուսանկար