15/08/2026

EU – Armenia

Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես

Ինչքա՜ն պիտի հավատքից հեռացած լինի հոգևոր մարդը, երբ Facebook-ի իր էջում Փաշինյանի հետ նկարը լինի, բայց միաժամանակ հավատացյալներին ներկայանաս որպես եկեղեցու ու նրա սրբությունների մտահոգ պաշտպան։

Հրապարակ թերթը գրել է․ Ստեփան Ասատրյանի ֆեյսբուքյան էջն եմ նայում՝ էջում՝ Տեր Արամ։ Եթե չիմանայի նրա պատմությունը, գուցե մտածեի՝ ահա՛ մի աստվածավախ հոգևորական, որն իսկապես ապրում է Հայ Եկեղեցու ցավով ու ուրախությամբ։

Բայց երբ գիտես նախապատմությունը, ուրիշ հարցեր են առաջանում։ Նա մտահոգվում է, որ Օհանավանի Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերն են գողացել։ Ու գրում է.

«Պետությունը եկեղեցու կողքին է, խաչագողերը անպայման կբռնվեն, չկասկածեք»։
Լավ։ Բայց մի հարց էլ ես ունեմ։

Փաշինյա՞նն է քո պետությունը։

Փաշինյա՞նն է քո եկեղեցին։

Թե՞ արդեն քաղաքական իշխանության հետ նկարվելն էլ է հոգևոր ծառայության նոր չափանիշ դարձել։

Որովհետև այստեղ մի տարօրինակ հակասություն կա. մարդը, որի էջի գլխավոր նկարում Նիկոլ Փաշինյանն է, հավատացյալների հետ խոսում է Եկեղեցու, հոգևոր սրբությունների մասին։

Տեր Արամի՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյանի պատմությունն էլ հենց այդ պատճառով է կարևոր։ Նա նախկինում եղել է Հովհաննավանքի հոգևոր հովիվը։ 2025 թվականի հոկտեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին։ Նա չի ընդունել այդ որոշումը և, ըստ հրապարակված տեղեկությունների, շարունակել է եկեղեցու հետ կապված իր գործողությունները՝ այդ թվում փոխելով փականները։

Ու այստեղ հարց է առաջանում.

Եկեղեցու նկատմամբ նման գործողությունը ի՞նչ է՝ եթե ոչ սեփականության ու կարգի նկատմամբ ոտնձգություն։ Եվ ինչո՞վ է դա պակաս ցավալի, արգահատելի, քան խաչերի գողությունը։
Խաչը գողանալը, անշուշտ, դատապարտելի է։ Բայց եկեղեցու հանդեպ հարգանքը միայն խաչի գողությունը դատապարտելով չի չափվում։ Այն չափվում է նաև նրանով, թե ովքե՞ր են եկեղեցու իրավական ու հոգևոր կարգը հարգում, իսկ ովքե՞ր են իրենց անձնական հավակնությունները դնում Եկեղեցուց վեր։

Իսկ այսօր նույն Ստեփան Գրիգորյանը ուրախությամբ գրում է.
«Շնորհակալություն մեր իրավապահ համակարգին, փայլուն աշխատեցին»։

Լավ է, որ իրավապահները աշխատել են։ Խաչերը պետք է վերադարձվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Բայց հավատացյալների ուրախությունը, կարծում եմ, շատ ավելի մեծ կլիներ, եթե մի օր ոչ միայն խաչերը, այլև Եկեղեցին հանձնվեր իր իրական Տիրոջը՝ առանց քաղաքական հովանավորների, առանց իշխանական լուսանկարների և առանց անձնական հավակնությունների։

Որովհետև եկեղեցու կողքին պետությունը կարող է լինել։ Բայց պետությունը երբեք չպետք է դառնա Եկեղեցու փոխարեն։

Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես