15/08/2026

EU – Armenia

Ատոմակայանը փակելով` Հայաստանը կհրաժարվի իր սուբյեկտայնությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւանում ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայկական ԱԷԿ-ի փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամ կարող է առաջանալ, ադրբեջանական մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում եւ քարտեզագրել, թե որտեղով կարող են անցնել էլեկտրական հոսանքի սյուներն ու ուղիները, որ օգնեն Հայաստանին՝ հաղթահարելու այդ ճգնաժամը:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ալիեւը խոսել է ոչ թե Հայաստանն էներգետիկ ճգնաժամից փրկելու, այլ Ադրբեջանից դեպի Նախիջեւան էներգետիկ հաղորդակցության գծեր անցկացնելու մասին, եւ Հայաստանի տարածքում այդ ուսումնասիրությունը վերաբերում էր նրան, թե որտեղ այդ սյուները կարող են լինել: «Այսինքն՝ նրա խոսքը չէր վերաբերում, որ Հայաստանին հոսանք տալու համար են այդ սյուները տեղադրում:

Բայց, իհարկե, խոսել էր նաեւ, որ դա Հայաստանին կարող է պետք լինել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանին հոսանք տալ եւ այլն: Իհարկե, այդ ամեն ինչը կարող է տեղավորվել նաեւ միասնական էներգետիկ ցանցի մտադրության շրջանակում, որի մասին խոսում է Եվրամիությունը, ու Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսն էր ամիսներ առաջ հայտարարել, որ մի քանի միլիոն եվրո պատրաստ են տրամադրել դրա համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը Հայաստանի համար, էներգետիկ իմաստով, կարող է հուսալի գործընկեր լինել։ Կարող է լինել` իհարկե, այնքանով, որքանով Հայաստանն Ադրբեջանի համար կարող է լինել, այսպես ասենք, հնազանդ ենթակա: Այսինքն, եթե Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի պատկերացումներին, Ադրբեջանը կայուն էներգետիկ մատակարար կլինի Հայաստանի համար: Հենց Հայաստանը փորձի քաղաքական ինքնուրույնություն դրսեւորել կամ իր շահերը պաշտպանել, ապա, բնականաբար, Ադրբեջանը կօգտագործի իր ձեռքի տակ եղած լծակները՝ Հայաստանի վրա ազդեցության համար»,- ասաց Բադալյանը:

Քաղաքագետը նկատում է, որ այդ պարագայում էլեկտրաէներգիայի որեւէ կախվածություն Ադրբեջանի համար որպես լծակ կծառայի, եւ հիշեցնում է մի թարմ օրինակ, երբ անցած երկու-երեք շաբաթների ընթացքում Վրաստանում երեք անգամ տեղի է ունեցել տոտալ հոսանքազրկում․ Թբիլիսիում եւ խոշոր այլ բնակավայրերում հոսանքը մի քանի ժամով անջատվել է, հետո պարզվել է, որ դա տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ Ադրբեջանի հետ միացվածությունն անջատվել է՝ իրենք ունեն ընդհանուր համակարգ, որի հետեւանքով Վրաստանի համակարգում լարման ու հաճախականության անկում է եղել: Հայաստանի պարագայում էլ նման դեպքեր կարող ենք չբացառել, եթե Ադրբեջանի հետ միասնական էներգետիկ համակարգ լինի:

«Այս ամեն ինչը կարող է դիտվել Բաքվի համար լծակ: Եվ, իհարկե, սրա պատճառով է նաեւ, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ դնում են հայկական ատոմակայանի փակման հարցը, իբրեւ թե ներկայացնելով անվտանգության սպառնալիք է եւ այլն, այն դեպքում, երբ Թուրքիան ինքն է կառուցում նոր ատոմակայաններ, եւ անգամ Ադրբեջանում են խոսել միջուկային էներգետիկայի մասին: Հայաստանից պահանջում են, որ դե ֆակտո դադարի լինել միջուկային էներգետիկա ունեցող երկիր, որովհետեւ դա ոչ միայն էներգետիկ անվտանգության աստիճանն է անգամներով նվազեցնում, այլ նաեւ՝ քաղաքական սուբյեկտության աստիճանը: Միջուկային էներգետիկա ունեցող երկրները քաղաքական այլ սուբյեկտություն ունեն, այլ կատեգորիայի երկրներ կարող են դիտարկվել: Եվ Հայաստանը զրկել միջուկային էներգիա ունեցող երկրի կարգավիճակից՝ նշանակում է թուլացնել ոչ միայն էներգետիիկ անվտանգությունը, այլ նաեւ քաղաքական սուբյեկտության ներուժը»,- նկատում է քաղաքագետը:

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանություններն աջակցո՞ւմ են թուրք-ադրբեջանական այս քաղաքականությանը, թե՞ փորձում են իրավիճակից ելքեր փնտրել, ասաց, որ Հայաստանի իշխանությունը շատ հստակ հայտարարել է, որ իրենք տեղավորվում են Ադրբեջանի ու Թուրքիայի ունեցած պատկերացումների շրջանակում եւ դա համարում են խաղաղության գրավական: «Այս հարցում իրենք շատ բաց են արտահայտվում, եւ կարծում եմ՝ այստեղ լրացուցիչ հարցերի կարի, կարծես թե չի էլ առաջանում: Ինչ վերաբերում է կոնկրետ էներգետիկային վերաբերող հարցերին, մենք տեսանք, որ նախօրեին Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կառուցում են արհեստական բանականության տվյալների կենտրոններ, որոնք աներեւակայելի չափի էլեկտրաէներգիա են սպառում, եւ Հայաստանին պետք կլինի ներմուծել էլեկտրաէներգիա: Սրանով կարող է արդարացնել, որ մենք ունենք Ադրբեջանից ներմուծման կարիք»,- ասաց Բադալյանը: Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա պաշտոնական Երեւանը հայտարարել է մոդուլային ատոմակայանների անցման մասին, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է ստացիոնար էներգետիկա ունենալուց, որովհետեւ այդ մոդուլային ատոմակայանները, կոպիտ ասած, ավելի շուտ պարզապես միջուկային մեծ գեներատորներ են, լոկալ նշանակության օբյեկտներ, որոնք չեն կարող համարվել միջուկային էներգետիկայի համակարգ:

«Եվ եթե Հայաստանը հրաժարվում է ստացիոնար միջուկային կայան ունենալուց, ապա դա նշանակում է՝ Հայաստանը հրաժարվում է միջուկային էներգետիկա ունեցող երկիր լինելուց: Եթե խոսում ենք կոնկրետ Հայաստանի մասին եւ դիտարկում ենք Հայաստանի իրավիճակը հատկապես Արցախի կորստից, պարտությունից եւ այլնից հետո, այստեղ մենք տեսնում ենք, որ միջուկային էներգետիկան այն հազվադեպ ռեսուրսներից է մնացել, որը մեզ օժտում է քաղաքական սուբյեկտությամբ: Եվ եթե մենք դրանից հրաժարվում ենք առնվազն քաղաքական մակարդակով, ապա այստեղ, իհարկե, Հայաստանի դեպքում դա անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ինքնիշխանության վրա: Թեպետ մեր ինքնիշխանության վրա, ցավոք սրտի, արդեն ազդեցության գործոնները բազմաթիվ են` մենք տեսնում ենք դա Հայաստանի վարած քաղաքականության տեսքով»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը: