Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական վարույթն է մուտքագրվել Հակակոռուպցիոն դատարան օգոստոսի 4-ին։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ վարույթը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կամո Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասիg, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:
Կամո Արեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս վարույթով մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրա Տեր-Ստեփանյանին, որը 2007 թվականին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և միաժամանակ հանդիսացել է հանձնաժողովի քարտուղար։ Կամո Արեյանի վերաբերյալ առաջին քրեական վարույթը հուլիսի 22-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ վարույթով Արեյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:

Բաց մի թողեք
«Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել. Լուսանկար
Մալիշկայի բնակիչները ահաբեկված են. 10 օր է՝ գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ամբողջ գյուղին
Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է