Անցած գիշեր Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակա Աբու-ազ-Զահուր օդանավակայանը «անհայտ օդուժի կողմից ենթարկվել է թիրախային չորս հարձակման»։ Այդ մասին ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է իսրայելցի լրագրող Գելմանը՝ հղելով Agence France-Presse-ին։
Նա վկայակոչել է «արաբական աղբյուրների», որոնց տեղեկացվածությամբ՝ «օբյեկտում տեղակայված են թուրք զինվորականներ»։ Փաստացի «անհայտ օդուժը» Սիրայի տարածքում թուրքական ռազմակայան է թիրախավորել։
«Միջադեպը» տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների Երուսաղեմ այցից և Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցից ժամեր հետո։ Սիրիայի «երկինքը» տասնամյակներ շարունակ «զբոսավայր է եղել» իսրայելական օդուժի համար։ Եվ կասկածից դուրս է, որ Իդլիբի օդանավակայանը գրոհել են Իսրայելի կործանիչները։
Քուշների հետ «բարդ բանակցությունների» ընթացքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ամերիկյան կողմին տեղեկացրել է Թուրքիայից ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցության, «աահաբեկչական խմբավորման ղեկվարներին ապաստան տալու» մասին։ Դա նշանակում է, որ Իսրայելը Թուրքիային մեղադրում է «ահաբեկչություն ֆինանսավորելու և հովանավորելու» մեջ։
Դիտարժան է, որ թիրախային հարվածները հասցվել են հենց Իդլիբի օդանավակայանին։ Այդ շրջանը տևական ժամանակ հանդիսացել է Սիրիայի ապստամբական ուժերի կենտրոնատեղի, որ Բաշար Ասադի վարչախմբի դեմ զինված պայքար էին մղում Թուրքիայի զինվորականների հրամանատարությամբ։
Իսրայելի կողմից Իդլիբի օդանավակայանի թիրախավորման տեղեկությունը հաստատել է նաև Կատարի «Ալ – Արաբի- ալ Ջիդադ» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին։ Արաբական լրատվամիջոցը, սակայն, այդ օդանավակայանում թուրք զինվորականների ներկայությունը չի հիշատակել։
Իսրայելա-թուրքական լարվածությունը այլեւս բացահայտված իրողություն է։ Ընդ որում, երկու կողմն էլ «խաղադրույք է դնում» Միացյալ Նահանգների աջակցության վրա։ Վաշինգտոնին կհաջողվի՞ մերձավորարևելյան «կաթսայում երկու գլուխ եփել» կամ թուրք-իսրայելական «հնազանդեցումը» որքանո՞վ է բխում ԱՄՆ ներկայիս վարչակազմի աշխարհաքաղաքական պատկերացումներից, պարզ չէ։
Հրապարակային խոսույթի տիրույթում գործ ունենք «Երուսաղեմը հրեական պետության հավերժական մայրաքաղաքն» է և «Երուսաղեմը օսմանյան ժառանգության անբաժանելի մասն» է տրամագծորեն ներհակ նարատիվների հետ։
Ընդ որում, ԱՄՆ նախագահը դեռևս պաշտոնավարման առաջին շրջանում Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները՝ նրա իրավազորության տարածք։ Բայց իրողություն է նաև, որ Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի «հեղինակությունը սասանել» է։


Բաց մի թողեք
Առաջարկում ենք լրացուցիչ 45 միլիարդ եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ուկրաինային
Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը. 146 հազար մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկարներ
Ֆրանսիայում ոստիկանները բողոքի ակցիա են անցկացրել