26/08/2026

EU – Armenia

Կառավարությունն ինքն է՝ թքած ունենալով օրենքների ու բարոյական նորմերի վրա

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանի ասելով, ՀՀ երկրորդ նախագհի և նրա որդու դեմ հակակոռուպցիոնի հաղորդագրությունն իր մեջ նորություն չէր պարունակում:

Դրանում նշված գույքերն առկա էին պետության կողմից առգրավվելիք՝ նախկինում կազմված ցանկում: Ինչը նշանակում է, որ մենք հերթական անգամ ականատես ենք լինում մարդկային ստորին բնազդներից մեկի՝ վրեժխնդրության իրականացմանը:

Եվ հաշվի առնելով, որ դրա սուբյեկտն անսահման լիազորություններով օժտված մեկն է («կառավարությունը ես եմ»), ապա «պիղծ դավաճան» արտահայտության հասցեագրման արձագանքն էլ պետք է լիներ ավելի քան դաժան: Ինչն, ի դեպ, «նիկոլական ժողովրդավարության» առանցքային հատկանիշն է:

Եվ քանի որ այդ «ժողովրդավարության» մեջ առկա է նաև պոպուլիզմի մի ահագին բաղադրիչ, ապա պետության բարձրագույն պաշտոնյան իր քիմքին ոչ հաճելի մարդկանց հաթաթա տալու հետ մեկտեղ չէր կարող «չթաքնվել» ժողովրդի թիկունքում:

Այն ժողովրդի, որ հանուն 10 հազար դրամով թոշակի բարձացման ու անվճար բուժօգնության խաբկանքի (այն ավարտվել է ընտրությունների հետո՝ առաջին կիսամյակի հետ միասին), կրկին ձայն տվեց մեկին, ով տապալել էր պետության կառավարումն ամբողջությամբ:

Ինչ մնում է մարդկանց խաբվելուն՝ թոշակ և բուժօգնություն ստացածները չփորձեցին հասկանալ, որ դա թերմացք էր՝ նետված միլիոնավոր դրամների ինքնպարգևատրումներից: Որ ինքն իրեն ու իր ենթականաներին հատկացրել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Որ վերջինս վրիժառության կիրքը հագեցնելու նպատակով օգտագործելու է իր կողմից մանիպուլյացված ժողովրդին: Այն է՝ հիմարացված մարդկային զանգվածներին: Ովքեր մեկ անգամ արդեն սխալ էին գործել 2021-ին ու նույն սխալը գործեցին 2026-ին: Իսկ երբ մարդը երկու անգամ նույն սխալն է գործում, արդեն մեղավորը ոչ թե նրան այդ սխալը գործելուն ուղղորդող մեկն է, այլ հենց ինքը:

Այդ առումով մի փոքր համեմատություն կատարեմ հայերի ու վրացիների միջև՝ հատկապես, որ ծնվել ու մեծացել եմ այդ երկրում: Ներսից ճանաչելով նրանց՝ ենթադրում էի, որ մեր ժողովուրդը, որքան էլ ծանր ժամանակներ է ապրել, սակայն ավելի, այսպես ասենք, ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում իրականության նկատմամբ, քան վրացիները: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ, ու հենց վրացիներն ավելի խելացի դուրս եկան իրենց ամբողջության մեջ, քան մենք: Որ նրանք կարողացան հաղթահարել այն, ինչ կոչվում էր Սաակաշվիլիի ֆենոմեն: Ու արդյունքում ճիշտ ճանապարհի վրա դրեցին երկրի զարգացումը: Ռուս-վրացական պատերազմում Վրաստանի պարտությունից ընդամենը չորս տարի անց կարողացան հեռացնել Սաակաշվիլիին:

Իսկ մենք արդեն վեցերորդ տարին է, որ ոչ միայն ոչինչ չկարողացանք անել, այլև մի բան էլ ավելի. երկրորդ անգամ երկրի ղեկը հանձնեցինք խայտառակ պարտության խորհրդանիշ անձին: Որպեսզի թշնամական պարտադրանքով վերջինս «լուծի Կտրիճ Ներսիսյանի հարցերը», այսինքն՝ կազմաքանդի 1700-ամյա հայոց եկեղեցին: Որպեսզի նույն ուղղորդմամբ Հայաստանի Սահմանարությունից դուրս թողնի պետության «ծննդյան վկայականը», այսինքն՝ Անկախության հռչակագիրը:

Որպեսզի խաղաղության հաստատման հեքիաթի ներքո շարունակի Հայաստանի տարածքների հանձնումը թշնամուն և այլն: Եվ այդ ամենը կատարի միայն այն պատճառով, որպեսզի կարողանա անընդհատ պահպանել վարչապետի պաշտոնը: Դա ներկայացնելով որպես ժողովրդին պատկանող իշխանության ժամանակավոր տրամադրում իր ղեկավարած քաղաքական ուժին, այսինքն՝ խմբակին:

Քանի որ այդ ուժը մեկ գիշերվա մեջ կվերանա՝ եթե իշխանությունից հեռացվի ինքը: Իսկ այդ ամենը կատարելու իրավունքը ինքը «վաստակել» է, քանի որ կառավարությունն, իր ասելով, ինքն է՝ թքած ունենալով օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իսկ սահմանադրորեն անկախ իրավական համակարգն էլ իր ենթակայության ներքո է՝ կանի այն, ինչ ինքը ցանկանա: