26/08/2026

EU – Armenia

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը զարմացած է` ինչու պետք է ինքը հրաժարական ներկայացնի ինքնասպանություն գործած զինվորների պատճառով:

Իսկապես՝ ինչո՞ւ: Եթե պատմության նախկին ուսուցչին ասես, որ այդպիսին է դրվածքն արեւմտյան երկրներում, այլեւս չի զարմանա: Կփորձի ինչ-որ բան բստրել, բայց դա իրեն չի փրկի, որովհետեւ ինքը չունի մարդկանց մանիպուլացնելու նիկոլական կարողությունը:

Թե ոնց է պատմության դասերը վարել՝ զարմանում եմ, քանի որ դա եւս խոսելու շնորհ է պահանջում: Ինչեւէ, եթե իրական ժողովրդավարական որեւէ երկրում 8 ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական զոհերի թիվը հասներ երեք տասնյակի, վստահաբար՝ հրաժարական կտար ոչ միայն պաշտպանության նախարարը, այլեւ՝ վարչապետը:

Բայց դե՝ Հայաստանն ուրիշ է, այստեղ «ժողովրդավարությունն» էլ բոլորովին այլ է` գլխիվայր շրջված:

Փորձելով արդարացնել իր ենթակային՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը խաղաղ պայմաններում զոհերի բարձր ցուցանիշը բացատրում է միջավայրի գործոնով: Այսինքն՝ ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի ու փողոցի ազդեցությամբ: Կարծես թե միաժամանակ ե՛ւ ճիշտ է, ե՛ւ սխալ:

Ճիշտ է, քանի որ բոլոր թվարկված միջավայրերն իրենց խոր ազդեցությունն են գործում երիտասարդների ձեւավորման վրա: Բայց սխալ է, քանի որ չի երեւում, թե ինչ է անում բանակի ղեկավարությունը, որ ինչ-որ չափով կարգավորի այդ միջավայրերի բացասական ազդեցությունը: Ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումները, համենայնդեպս, վկայում են այսօր բանակում բարձիթողի վիճակի մասին:

Եթե պաշտոնապես ասվի, որ դա սուտ է, ապա յուրաքանչյուր գրագետ մարդ կարող է մտածել, որ սուտը հենց պաշտոնական արձագանքն է, ինչի փորձառությունը գալիս է թե՛ նախկիններից եւ թե՛ գործող իշխանությունից: Խոսքը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում ժողովրդին հիմարի տեղ դրած՝ «հաղթում ենք» (կամ «հաղթելու ենք») կարգախոսի մասին է:

Գանք հասարակության ազդեցությանը: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը գիտակցում է, որ այդ բնագավառում ինչ-որ բան անելը բարդագույն հարց է, այդ պատճառով մեղքը գցում է հասարակության վրա: Այնինչ, հասարակությունը հարց լուծող չէ, դա գործող իշխանության առաջնային լուծելիք հարց է:

Նախ, եթե հանուն, այսպես կոչված, խաղաղության հաստատման թշնամուն հանձնվեցին Արցախն ու մյուս տարածքները, ապա խաղաղ պայմաններում բանակային զոհերը որեւէ ձեւով չեն կարող արդարացվել:

Երկրորդ․ հասարակության վերափոխման բանալին 2018-ին «դուխով» Նիկոլի ձեռքում էր, ինչի արտահայտությունը 80 տոկոսանոց հաղթանակն էր Երեւանի ընտրություններում: Ունենալով այդպիսի հսկայական առավելություն՝ վարչապետ կարգված անձն այն օգտագործեց ոչ հանուն երկրի եւ հասարակության վերափոխման, այլ մսխեց` նախկինների նկատմամբ վրեժխնդրության հասնելու համար: Ու դրանով փոշիացվեց այդ հսկայական ռեսուրսը:

Եվ հասարակությանը միաբանելու ու դրա հիման վրա բանակը կարգավորելու փոխարեն, նախ, բաժանեցին սեւերի ու սպիտակների, այնուհետեւ ջարդեցին բանակի ոգին: Եվ նրա կառավարման 9-րդ տարում ստացանք 3 տասնյակ բանակային զոհ ընդամենը 8 ամսում:

Ինչ վերաբերում է ինքնասպանությունների պատճառին՝ դիրքերում քնելուն, ապա դրա անմիջական մեղավորը թե՛ ինքն է, որ նշանակումներ է կատարում բանակում, եւ թե՛ իր նշանակած նախարարը, որը չի ցանկանում կամ չի կարողանում հետեւել բանակում տիրող իրավիճակին, կարգավորել առկա խնդիրները:

Ու այդ պատճառով էլ, այո, նա պետք է հրաժարական ներկայացնի աննորմալ թափ առած ինքնասպանությունների խորապատկերին, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս կյանքը, ինքն անելիք չունի բանակում, ինչպես չէր կարող ունենալ ժիլետի թեւը: