27/08/2026

EU – Armenia

ՀՀ վարչապետի նորանշանակ օգնականը սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի Դիքինսոնի իրավունքի դպրոցում. Լուսանկար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Տաթևիկ Մարտիրոսյանը 2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։ Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։ 2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։

Տաթևիկ Մարտիրոսյանի կենսագրությունը

Տաթևիկ Մարտիրոսյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին Ապարան քաղաքում:

2015-2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցությամբ)։

2019-2021 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Բիզնես իրավունք» մասնագիտացմամբ (գերազանցությամբ):

2021-2024 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ։ Գիտական հետազոտության թեման է Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների իրավական կարգավորումը։

2019-2020 թթ. աշխատել է «Արատտա Քոնսալթինգ» ՍՊԸ-ում որպես իրավաբան:

2020-2021 թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում որպես իրավաբան։

2021-2024 թթ. աշխատել է «Սիգմա Լո Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավաբան, փաստաբան։

2022-2024 թթ. որպես իրավական փորձագետ ներգրավված է եղել Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) աշխատանքներում։

2022-2024 թթ. որպես խորհրդատու ներգրավված է եղել Համաշխարհային բանկի՝ Հայաստանի արդարադատության ծառայությունների թվայնացման ծրագրում՝ աշխատելով էլեկտրոնային արդարադատության (e-Justice), էլեկտրոնային քրեական դատարանի (e-Criminal Court), էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) համակարգերի և դատական արխիվների թվայնացման ուղղություններով։

2024 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին որպես խորհրդատու և իրավական փորձագետ ներգրավված է եղել Համաշխարհային բանկի «Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային ծառայությունների հասանելիության ամրապնդում GovTech-ի միջոցով» ծրագրում՝ աջակցելով ՀՀ արդարադատության նախարարությանը էլեկտրոնային նոտարիատի ամբողջական համակարգի մշակման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և թվային ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում։

2023-2024 թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրավական փորձագետ՝ խորհրդատվություն տրամադրելով ազգային իրավական հետազոտությունների և իրավական ակտերի մշակման վերաբերյալ:

2023-2024 թթ. Եվրոպայի խորհրդի «Արդարադատության բարեփոխումների առաջխաղացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել որպես խորհրդատու և իրավական փորձագետ։

2024 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատել է որպես իրավական փորձագետ և խորհրդատու՝ զբաղվելով, մասնավորապես, երեխաների պաշտպանության, այդ թվում՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության իրավական հարցերով։

2024 թ. նոյեմբերից մինչև 2025 թ. հունվար որպես ազգային փորձագետ ներգրավված է եղել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման աշխատանքներում՝ պատասխանատու լինելով զբաղվածության, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի ոլորտներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքների համար։

2025 թ. հունվարից մինչև օգոստոս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում՝ որպես դատախազ։

2026 թ. օգոստոսի 28-ից նշանակվել է Վարչապետի օգնական:

2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։ Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։

2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։

ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և արտոնագրված հաշտարար է։ Ունի Նյու Յորք նահանգի փաստաբանական քննությանը մասնակցելու իրավունք:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին: