27/08/2026

EU – Armenia

Վերանորոգվա՞ծ, թե՞ վնասված․ ինչ է արձանագրվել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լայնածավալ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերին։ Մույթերի վերականգնման աշխատանքները շարունակվել են 2025 թվականից, իսկ 2026-ի ապրիլին պաշտոնապես հայտարարվեց, որ առաջին փուլով երեք մույթերի և չորս աստիճանավանդակների հիմնանորոգումն ավարտված է։

Ակտիվիստ-բլոգեր Էդվարդ Հայրումյանը հաճախ է անդրադառնում Երևանի քաղաքային միջավայրին, ենթակառուցվածքներին և քաղաքի պահպանությանն առնչվող խնդիրներին։ Իր հրապարակումներում նա բարձրաձայնում է այն հարցերը, որոնք, իր գնահատմամբ, կարող են ազդել Երևանի պատմական տեսքի, հանրային տարածքների և մշակութային ժառանգության պահպանության վրա։ Այս անգամ Հայրումյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Նա տեղում արձանագրել է մի շարք խնդիրներ՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով վերանորոգված սյուների քարերի մշակման և վնասված հատվածների վերականգնման որակի վրա։

«Վերջին այցիս ընթացքում տեսա արդեն վերանորոգված երկու սյուները։ Ես ի սկզբանե դեմ եմ արտահայտվել այն մոտեցմանը, որով ենթադրվում է քանդել մույթերի ճակատային և կողային քարերը և դրանք ամբողջությամբ փոխարինել նորերով։ Բազմաթիվ ճարտարապետների հետ խորհրդակցելուց հետո իմ դիրքորոշումը եղել է այն, որ անհրաժեշտ էր նախ վերատեղադրել թուլացած քարերը, անհրաժեշտության դեպքում փոխարինել միայն առանձին վնասված հատվածները և քարերի արանքները մշակել համապատասխան հատուկ նյութով»,- MediaHub-ին ասաց ակտիվիստը։

Հայրումյանի խոսքով՝ վերանորոգման ընթացքում ներսի քարերի անկյուններին հասցված վնասների մասին ինքը բազմիցս է բարձրաձայնել։

«Այն ժամանակ նշում էի, որ այդ հատվածների որակյալ վերականգնումը լուրջ խնդիր է լինելու։ Այժմ, արդեն վերանորոգված սյուները տեսնելուց հետո, իմ այդ մտահոգությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի է ամրապնդվել։ Լուսանկարներում, մասնավորապես, կարելի է տեսնել ներսի քարերի վնասված անկյունների մշակման արդյունքը, որը, իմ գնահատմամբ, ավելի շատ հիշեցնում է «սվաղում», քան նախնական տեսքի լիարժեք վերականգնում»,- ասում է նա։

Իր կողմից արված լուսանկարներով նա ներկայացնում է իր դիրքորոշումը, որպեսզի յուրաքանչյուրն ինքը կարողանա համեմատել վերանորոգված և դեռևս չվերանորոգված սյուները։

Այս պահին աշխատանքները շարունակվում են հաջորդ մույթերի վրա։

Blog Image