Հայաստանում աշնանը անցկացվելիք COP17-ը հաճախ ներկայացվել է Ադրբեջանի 2024 թվականի COP29-ի համատեքստում՝ որ Բաքվից հետո COP-ը գալիս է Հայաստան։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք պարզեցինք, որ թեեւ երկու միջոցառումն էլ կրում են COP անվանումը, փաստացի դրանք երկու տարբեր միջազգային պայմանագրերի երկու տարբեր համաժողովներ են։ Բաքվում 2024 թ. նոյեմբերի 11-22-ին անցկացվեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ UNFCCC-ի COP29-ը։

Դրա օրակարգի կենտրոնում կլիմայի փոփոխությունն էր՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, կլիմայական հարմարվողականությունը, կլիմայական ֆինանսավորումը եւ Փարիզի համաձայնագրի իրականացումը։ UNFCCC-ի պաշտոնական տվյալներով՝ COP29-ին գրանցվել էր ավելի քան 70 հազար մասնակից, իսկ ավելի քան 50 հազարը փաստացի ներկա է եղել։ Համաժողովի շրջանակում նաեւ անցկացվել է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների World Leaders Climate Action Summit-ը։
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը նախատեսված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ CBD-ի COP17-ը։ Այստեղ առանցքային թեման ոչ թե կլիմայի փոփոխությունն է, այլ կենսաբազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը եւ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխումը։ UNFCCC-ն եւ CBD-ն առանձին միջազգային կոնվենցիաներ են, որոնք ունեն առանձին քարտուղարություններ, առանձին որոշումների համակարգեր եւ առանձին COP-երի համարակալում։
Երկուսն էլ 1992 թվականի Ռիոյի կոնվենցիաներից են, եւ հենց այդ պատճառով էլ դրանց գլխավոր որոշում կայացնող մարմինները երկուսն էլ կոչվում են COP՝ Conference of the Parties։
Սակայն Բաքվի COP29-ը բացառիկ մեծ մասշտաբ ուներ եւ ներկայացուցչական մասնակցություն, բացի հազարավոր պատվիրակներից, դիտորդներից, փորձագետներից, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչներից, Բաքվում անցկացվեց հատուկ World Leaders Climate Action Summit, որի համար հրավիրված էին պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։
UNFCCC-ի պաշտոնական փաստաթղթերում առանձին նախատեսված էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությունը։ Հայաստանում անցկացվող COP17-ի դեպքում առավելապես ոլորտային մասնագետների մասնակցություն է նախատեսված։
Թեեւ Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը 2026-ի հունվարին պաշտոնապես հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հոկտեմբերի 16-ին անցկացնել Leaders’ Summit, որին մասնակցելու են նաեւ պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների առաջնորդներ ու այլ նշանավոր անձինք։
Բայց դա որոշակիորեն ավելի նվազ նշանակալի է լինելու, քան Բաքվի COP-ը: Դրան հաջորդելու է նախարարական հանդիպումը՝ հոկտեմբերի 27-28-ին։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 10-15 հազար մասնակից, մինչդեռ Բաքվի COP29-ի վերջնական ցուցանիշը կազմել է ավելի քան 50 հազար մասնակից։

Բաց մի թողեք
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում
Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»
Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ