Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, քանի որ առողջական վիճակի վատացում էր ունեցել` նա մոտ 10 օր առաջ է վիրահատվել, սիրտն են ստենտավորել: Դատարանը Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության քննությունը շարունակել է առանց նրա: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն ասել էր. «Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են, եւ նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»: Հաջորդ օրը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Օրբելյանը նշեց նաեւ, որ կալանքի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կորոշեն հետագա գործողությունները: Արդյո՞ք Քոչարյանի առողջական վիճակը կայունացել է, եւ այդ պատճառով են նրան դուրս գրել բժշկական կենտրոնից:
Փաստաբանն ասաց, թե այդ մասնագիտական հարցը պետք է լրացուցիչ քննարկի բժիշկների հետ, բայց, հաշվի առնելով նախնական քննարկումները, Քոչարյանն «առնվազն մի քանի օր պետք է շարունակական հսկողության տակ լիներ»: «Խոսքը չի գնում ինչ-որ մի սուր հիվանդության մասին, որն անցել է: Երկու շաբաթ առաջ վիրահատություն է տարել, եւ դրանից հետո մեկ ամիսը համարվում է ռիսկային շրջան»,- նշել է Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականից մինչ օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ հատուկ վրեժխնդրություն ունի եւ դա չի թաքցնում` Քոչարյանի մասին խոսելիս նրա դեմքի արտահայտությունը փոխվում է, կորցնում է ինքնատիրապետումը եւ այս տարիներին ոչ մի կերպ չի կարողացել հաղթահարել այդ ատելությունը նրա հանդեպ:
Այս անգամ երկրորդ նախագահին մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման, անօրինական գործարքների եւ ապօրինի հարստացման վերաբերյալ մի շարք հոդվածներով։ Նույն մեղադրանքների շրջանակներում կալանավորվել է նաեւ նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին, նկատում է. «Տարիներ շարունակ հետապնդում են այն ազգային ուժերին, որոնք պայքարում են մեր հայրենիքի համար: Այս ամենն անակնկալ չէ, նորություն չէ: Առաջին անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, թիրախն Արցախն էր, Արցախը հանձնեցին, վերջացրին, հիմա էլ, հավանաբար, թիրախը Հայաստանն է: Հերթը, հավանաբար, Տիգրանաշենինն է, Սյունիքինն է եւ այլն: Առաջիկայում էլ ցանկանում են ադրբեջանական սահմանադրության համար հանրաքվե իրականացնել: Զիջողական, հանձնողական օրակարգերով կազմաքանդում են մեր պետականությունը: Բոլոր այն ուժերին, որոնք ունեն առանցքային դերակատարում մեր պետության կայացման գործում, բնականաբար, փորձում են շինծու մեղադրանքներով կալանավորել, բանտարկել, որպեսզի հեշտությամբ կարողանան իրենց նպատակներն իրականացնել»:
ՔՊ-ականներն ամեն գնով փորձում են հոկտեմբերի 27-ի սլաքներն ուղղել Քոչարյանի կողմը՝ այն պարագայում, երբ նրա դեմ հարուցված վարույթները որեւէ աղերս չունեն այդ ոճրագործության հետ։ «Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզենա բացահայտել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերը, ապա սլաքները կուղղվեն իրենց ուղղությամբ: Դրանք կեղծ հայտարարություններ են, անպատասխանատու մեղադրանքներ, որոնք մեզ համար նորություն չեն: Այս իշխանությունների պարագայում դա նորմալ վարքագիծ է: Խոսում են ինչ-որ թալանից, բայց թե՛ Քոչարյանի, թե՛ մյուսների վերաբերյալ նման հայտարարությունները կեղծ են, չի կարելի առանց դատարանի վճռի եւ իրավական լուծման նման հայտարարություններ անել, դա անպատասխանատու գործելաոճ է»:

Բաց մի թողեք
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում
Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»
Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ