Աշխարհում կան բաներ, որոնք երբեք չեն փոխվում: Դրանցից են 2018-ին իշխանության եկած եւ այն պահելու համար ամեն քայլի գնացող Նիկոլն ու նիկոլական խմբակը, դրանցից է նաեւ 2018-ից ընդդիմություն դարձած եւ իր ապաշնորհությունն արդեն մի քանի անգամ ապացուցած հայաստանյան ընդդիմությունը:
Ասվածի լավագույն ապացույցը, թերեւս, Նիկոլի կառավարության ներկայացրած 2026-2031թթ․ ծրագիրն ու դրան ընդդիմության արձագանքն էր: Ծրագիր, որով Նիկոլն ու իր կառավարությունն ապացուցում են, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, որ քանի դեռ իրենց պատկերացրած Հայաստանը ոչ թե արդյունաբերական, այլ սպառողական տնտեսությամբ Հայաստանն է, իրենց բերած խաղաղությունը ոչ թե խաղաղություն, այլ պարտադրված կապիտուլյացիա կլինի, քանի դեռ իրենք Հայաստան պետության լեգիտիմությունը Հայաստանի ու հայության ներսում փնտրելու փոխարեն օտար մայրաքաղաքներում փնտրեն, իրենց կառուցած խաչմերուկները ոչ թե խաչմերուկ, այլ «միջանցք հանձնել» կդառնան, քանի դեռ իրենց համար երկրի բանակը ոչ թե երկրի անվտանգության «ամենակարեւոր», այլ «ամենավերջին» գործիքը կլինի, իրենց կատարած սահմանազատումը ոչ թե սահմանազատում, այլ «տարածք հանձնել» կդառնա:
Չեն հասկանում, որ քանի դեռ իրենք Արեւմուտքին չեն բացատրել, որ Հայաստանը Ռուսաստանից չի կարող է հեռանալ ավելին, քան թույլ կտա Ռուսաստանից ՀՀ կախվածությունը, իսկ Ռուսաստանին էլ չեն ասել, որ Հայաստանը Ռուսաստանից «անպայման» կհեռանա այնքան, ինչքան թույլ կտա Ռուսաստանից ՀՀ կախվածությունը, տնտեսության դիվերսիֆիկացման իրենց քաղաքականությունը ոչ թե դիվերսիֆիկացում, այլ մեկ բեւեռից ունեցած կախվածությունը մեկ այլ բեւեռից կախվածությամբ փոխարինել կլինի։ Քանի դեռ իրենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ոչ թե համաշխարհային համահայկական տնտեսություն կառուցելու, այլ Սփյուռքին բարիկադների հակառակ կողմում դնելու տրամաբանությամբ կկառուցեն, իրենց կառուցած Հայաստանի չորորդ հանրապետությունը ո՛չ ինքնիշխան եւ ո՛չ էլ ՀՀ քաղաքացու երազած պետությունը չի լինի:
Նույնն է նաեւ ընդդիմության պարագայում: Նիկոլի կառավարության ներկայացրած 2026-2031թթ․ ծրագրի քննարկման ընթացքը ցույց տվեց, որ հայաստանյան ընդդիմությունն այդպես էլ չի հասկանում, որ քանի դեռ ինքը Հայաստանի էներգետիկ անկախության իր տեսլականը ձեւակերպելու փոխարեն ատոմակայանը փակելու Նիկոլի մտադրության մասին է խոսում, այդքան էլ Նիկոլը ատոմակայանն ու արեւային էլեկտրակայաններն իրար կհակադրի, քանի դեռ ինքը Սփյուռքին համաշխարհային համահայկական տնտեսության կարեւոր բաղադրիչ դիտարկելու փոխարեն նրան որպես ցեղասպանության ճանաչման գործն առաջ տանող գործիք է դիտարկում, այդքան էլ Նիկոլը ոչ թե Սփյուռքը վերակազմակերպելու, այլ այն մասնատելու ու իրար թշնամացնելու քաղաքականություն կվարի, քանի դեռ ինքը բանակի ու բանակի բարեփոխման մասին իր պատկերացումները վերանայելու փոխարեն իր պատկերացումներին չհամապատասխանող բարեփոխումները բանակը քանդող նախաձեռնություն է հռչակում, այդքան էլ Նիկոլը երկրի անվտանգության գործում բանակը ոչ թե «ամենակարեւորը», այլ «ամենավերջինը» կհամարի:
Այս իմաստով, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը վերջապես պետք է հասկանան, որ քանի դեռ գազ ունեցող Ադրբեջանը 1200-1400 մեգավատ հզորությամբ ՋԷԿ կկառուցի, իսկ համաշխարհային պղնձի 8 տոկոսն ունեցող Հայաստանը պղնձաձուլարան չի ունենա, քանի դեռ Ադրբեջանն էլեկտրաէներգիա արտահանող խոշոր հոսքագիծ կկառուցի, իսկ Հայաստանն իր կաբելի գործարանը չի վերագործարկի, քանի դեռ Ադրբեջանն իր տնտեսության նավթագազային կախվածությունը փոքրացնելու համար այն կարդյունաբերականացնի, իսկ Հայաստանն իր արդյունաբերական հզորությունները տոնավաճառներ կդարձնի, եւ, վերջապես, քանի դեռ Ադրբեջանում սեփական նավթագազային ռեսուրսներն արտահանելու կոմունիկացիոն համակարգի մեծացումը կկարեւորվի, իսկ Հայաստանում 1200-1400 մեգավատանոց ատոմակայան կառուցելն առաջնային օրակարգ չի դառնա։
Քանի դեռ Ադրբեջանը կշարունակի իր բռնազավթած Արցախի ադրբեջանականացումը, իսկ մեզ մոտ ինչ-որ ֆիթնես ակումբների կամ հեռավոր գյուղերում մի քանի հեկտար արոտավայրերի պետականացումը հերոսություն կհամարեն, մենք ոչ թե Տիգրանաշենն ու Տավուշի, այսպես ասած, անկլավները, այլ Գորիսն ու Կապանը, Վարդենիսն ու Ջերմուկը կորցնելու մարտահրավերի առջեւ կանգնած կմնանք:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաց մի թողեք
Օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար
Դատավոր Սերժ Ռուշանյանի արածն ավելի վատ էր, քան՝ նախորդ դատավորի․ ինչո՞ւ Երևան
Հայաստանը վերածվում է մեկ անձի ձեռքում կենտրոնացած համակարգի