Նիկոլ Փաշինյանն Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո շարունակում է Հայաստանից տարածքներ հանձնելու հակապետական գործընթացը: Այժմ Տիգրանաշենի հերթն է: «Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Եթե Տիգրանաշենին Քյարքի չասենք, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից։ Առաջ է գալիս սկզբունք՝ ով ինչ գրավել է, իրենն է։
Դա կոնֆլիկտային սկզբունք է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այս ամենն անում է վտանգը ոչ թե կառավարելու, այլ՝ չեզոքացնելու համար։ «Սա վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը. այլեւս ոչ մի տարբերակ չկա»,- ասել է Փաշինյանը։ Օրեր առաջ էլ վարչապետը հայտարարել էր. «Ժողովուրդ ջան, եկեք հասկանանք՝ այս ի՞նչ թեմա է Քյարքիի թեման, շատ պարզ բան է ասվում, ասվում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, եւ այս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում, եւ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որն արտահայտում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, այդպես չէ, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չէ։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, եւ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես կռահում էի իրենց թելած թելից ու ասել եմ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, հիմա չկա այլեւս որեւէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը։ Ոնց ու ինչ սցենարով կլուծվի, դա բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ մենք մեր պրոբլեմներն ենք տեսնում, նույն պրոբլեմներն էլ Ադրբեջանն ունի…»։ Ապա ընդդիմությանը մեղադրեց, թե եկել են՝ «շղթաները Հայաստանի ոտին կապել», եւ իրենց ուզածն այն է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Թեեւ մենք չենք լսել, որ որեւէ մեկն այս մասին բառ անգամ ասած լինի։ «Ես ձեզ հիասթափեցնում եմ, ՀԱՊԿ-ի խաղաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն, եւ ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ խաղաղությունը հաստատված է, եւ խաղաղապահը ժողովուրդն է»,- շարունակեց նա:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այդ թեմայի մասին, ասում է. «Քաղաքականության չգրված էջերից մեկն է՝ նախապես զիջում ես, հետո ասում՝ եթե չզիջեի, էսպես կլիներ, էնպես կլիներ: Ֆուտբոլում էլ, երբ 1-0 հաշվով պարտվում են, ամեն գնով ուզում են հաշիվը լինի ոչ ոքի: Փաշինյան Նիկոլն այժմ նախապես տարածքներ է զիջում, որ հետո ասի՝ եթե չհանձնեինք Տիգրանաշենը, Ջերմուկից, Կիրանցից, Իշխանասարից մեր տարածքները հետ չեն տա: Նա բոլոր դեպքերում սխալ է: Հիմքում պետք է լինի այն իրավական փաստաթուղթը, որի արդյունքում կհաստատվի, որ Տիգրանաշենն ադրբեջանական տարածք է: Իրականում, հիմքը պետք է լինի այն, որ Բաքուն ՍՍՀՄ-ի տարածքում գտնվող Ադրբեջանը չի համարում Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը: Այսինքն՝ Ադրբեջանը ՍՍՀՄ-ի ժամանակ ամրագրված բոլոր գործընթացներն անվավեր է համարում: 1991 թվականի օգոստոսի 18-ին Ադրբեջանի անկախության ակտով հայտարարվում է, որ իրենք ՍՍՀՄ-ի կազմում գտնվելու ժամանակ օկուպացված են եղել Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրենք չեն ընդունում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդությունը, ինչպես, օրինակ, ընդունում ենք մենք: Եթե Ադրբեջանը չի ընդունում ՍՍՀՄ ժամանակաշրջանը, ինչպե՞ս է ստացվում, որ 70-ականներին Ադրբեջանին տրված Տիգրանաշենն այսօր դարձավ ադրբեջանական: Ցանկացած հարցի պատասխան պետք է լինի այսպես՝ Ադրբեջանը չի ընդունում ՍՍՀՄ ժամանակահատվածը, ուստի 70-ականներին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը տրված Տիգրանաշենն այժմ Ադրբեջանի տարածքում ճանաչելու իրավական որեւէ հիմք չկա: Ցանկացած Ալմա-Աթայի հռչակագիր ու այլ կապիկություններ ինչքան ուզում են, կարող են ներկայացնել: Այնտեղ չկա որեւիցե կետ, որեւիցե իրավական ակտ, որով հղում արվի քարտեզներին եւ այլն: Ի վերջո այսօրվա ՀՀ-ի տարածքները ճանաչված են միայն մեկ փաստաթղթում՝ իրավարար վճռում։ Միայն դա է միջազգային իրավական փաստաթուղթ, մնացյալը սովետական ռուս-թուրքական պայմանագրերի արդյունք են: Ադրբեջանը չի ընդունում Սովետական Ադրբեջանի կարգավիճակը, սա ի լրումն Ալմա-Աթայի հռչակագրին: Ալմա-Աթայի հռչակագիրն ընդամենը թուղթ է, այն իրավական հիմքեր չունի: Այնտեղ գրված է գոյություն ունեցող սահմանների մասին միայն, եւ ո՛չ Արցախը, ո՛չ Տիգրանաշենը այնտեղ նշված չեն որպես ադրբեջանական տարածքներ: Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրին միացել է 1993 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ եկեք չմոռանանք, որ Արցախից 13 պատգամավոր ընտրվեց Հայաստանի պատգամավոր: Այնպես որ, հիմարություններին լուրջ մտածող մարդիկ հավատալ չեն կարող: Ի դեպ, Մինսկի խմբի լուծարումը միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն է, որովհետեւ այն Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստեղծել: Այն ստեղծել է Եվրախորհրդարանը, հետեւաբար, այն իրավաբանորեն դեռեւս գոյություն ունի»:

Բաց մի թողեք
Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին
Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն
«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը