29/08/2026

EU – Armenia

Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն

Նիկոլ Փաշինյանը հինգ­շաբթի օրը, բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը պետք է ապրեն իրենց թոշակով եւ ամեն ամսվա առաջին օրը պետք է սպասեն, որ թոշակը նստի իրենց քարտերին, իսկ նրանց ունեցվածքն ամբողջությամբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։

«Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետեւ նրանք պետք է ապրեն իրենց թոշակով եւ օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, եվրոսենթ առ եվրոսենք, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Այլ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»,- նշել է նա: Ապա, երբ այս գործընթացը բացատրել է ժողովրդի պահանջով, եւ նրան հիշեցրել են, որ ժողովուրդ է նաեւ այն 50 տոկոսից ավելին, որն իրեն ձայն չի տվել, այլ քվեարկել է ընդդիմության օգտին, ասել է` եթե դեմ են սրան, թող հեղափոխություն անեն: Ի դեպ, այդ պահանջը ներկայացնողներն էլ իրականում շատ չեն, դրանք ամբողջ երկրով մեկ երեւի մի քանի հազար մարդ են, նրանցից մի քանի տասնյակը մասնակցել է ՔՊ-ի նախընտրական հավաքներին, ընդ որում` ամեն տեղ նույն մարդիկ, եւ հնչեցրել են այդ պահանջները` ինչու, օրինակ, Ռ. Քոչարյանը նստած չէ: Եվ այս զանգվածի հատուկենտ խոսքերն էլ Փաշինյանը փորձում է որպես ժողովրդի պատվեր ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարում է, որ դատելու եւ ունեզրկելու է ընդդիմադիր հակառակորդներին, սակայն ժամեր հետո արդարանում է, որ իրավապահներն իր ցուցումներով չեն գործում, ապա սպառնում է գործերը սառեցրած քննիչներին պատժել, եւ այսպես շարունակ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, քայլերին, սպառնալիքներին, ասում է. «Ամեն բան պարզ է: Դոյչե վելլեն Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է որպես ռուսամետ քաղաքական գործիչ, որին կալանավորել են: Այսինքն, եթե քաղաքական գործիչը ռուսամետ է, ապա կարելի է նրան կալանավորել: Այդ ամենի անունը դրել են հիբրիդային պատերազմ: Աշխարհաքաղաքական այս փուլում իրավիճակները տարբեր կերպ են դասավորվել: Օրինակ՝ Ուկրաինայում, Իրանում պատերազմ է, իսկ Հայաստանում նման գործընթացներ են տեղի ունենում: Այստեղ չկա ժողովրդավարության հարց, խնդիրն այն է, թե դու ում կողմից ես: Լատինական Ամերիկայում կային դիկտատորներ, որոնք նաեւ մարդասպաններ էին, բայց ձեռնտու էին իրենց դաշնակիցներին, եւ զուգահեռաբար կային շարժումներ, որոնք ժողովրդավարական էին, սակայն որոշ ուժերի ձեռնտու չէին: Այսօր էլ ոչինչ չի փոխվել: Կան շահեր, իսկ ժողովրդավարությունը քաղաքական շահերի հետ ոչ մի կապ չունի»:

Ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները կապ ունե՞ն Ադրբեջանին նոր տարածքներ զիջելու հետ։ Դանիելյանը կարծում է. «Պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարն ասում է, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, եւ խաղաղություն պետք է լինի մեր պայմաններով, եւ թելադրում են իրենց պայմանները: Այդ պայմանների համաձայն՝ իրենք չեն վերադարձնելու այն տարածքները, որոնք վերցրել են Հայաստանից, դրան էլ գումարած՝ նոր տարածքներ պետք է վերցնեն: Այդ մասին խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա ասում է, որ եթե Տիգրանաշենը Քյարքի չանվանի, էսկալացիա կլինի, նաեւ Ջերմուկի դիրքերի հետ է այն համեմատում, եւ այսպես՝ նա գնում է հերթական զիջումներին: Բայց տարածքային զիջումներից բացի, կա նաեւ քաղաքական, այն է, որ պետք է վերանայել 90-ականներից սկսած հայոց պատմությունը: Այսինքն այն, ինչը մենք համարում ենք ճիշտ, պետք է համարվի սխալ՝ խորհրդանիշներ, Արարատ սար եւ այլն, դրան էլ գումարած՝ Արցախյան շարժումը պետք է համարել հակապետական, եւ այսպես շարունակ: Այս ամենը նաեւ գրվում է պատմության դասագրքերում, քանի որ դա եւս Ադրբեջանի պահանջն է: Ադրբեջանը պատերազմի հերոսներին հանցագործներ է համարում, որոնց պատժում է Փաշինյանը: Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը բանտարկված է Բաքվում, մյուս մասը՝ Հայաստանում: Բաքվում նրանց դատում են որպես սեպարատիստներ, այստեղ տարբեր պատճառներ են գտնում՝ պատերազմի հերոսներին դատելու համար: Հայաստանի վարչապետն Ալիեւին ցույց է տալիս, որ կատարում է ադրբեջանական կողմի հրահանգները: Փաշինյանն ասում է` Քյարքի ասելով հանում եմ պատերազմի ներվը, եւ նույն պահին կալանավորում են Ռոբերտ Քոչարյանին: Սա պատահականություն չէ: Դպրոցների պատերից, քաղաքի փողոցներից հանում են հերոսների նկարները: Այս ամենը մեկ ծրագրի մեջ է՝ ռեւիզիա է սա, որը կոչում են չորրորդ հանրապետություն»: