30/08/2026

EU – Armenia

Միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացքն ու դրա զարգացման հեռանկարները։

Պուտինի խոսքով՝ տարվա սկզբից Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն աճել է 12,5 տոկոսով։ Նա կարևորել է նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համագործակցության զարգացումը։

ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել նաև երկու երկրների կառավարությունների մակարդակով իրականացվող աշխատանքի արդյունքները։

Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը միասին կհաղթահարեն առկա բոլոր դժվարությունները։ Նրա խոսքով՝ նախօրեին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կայացած բանակցությունները եղել են արդյունավետ և բովանդակալից։

Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 72-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է Լուկաշենկոյի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես նաև հույս է հայտնել համագործակցության ընդլայնման և ինտեգրման խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակման վերաբերյալ։

«Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Միութենական պետության ինստիտուտների կատարելագործման գործում», — ասվում է ուղերձում։