Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի» շրջանակներում ստեղծված ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեն իր անդրանիկ նիստն է անցկացնում Ստամբուլում։
Թուրքիայի հյուրընկալությամբ անցկացվող բարձրաստիճան հանդիպմանը նախատեսվում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությունը։ Մասնավորապես, նիստին ներկա կգտնվեն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելջուք Բայրաքթարօղլուն, ինչպես նաև նրանց պակիստանցի և սաուդցի գործընկերները։
Օրակարգի առանցքային թեմաներն են միջազգային անվտանգության խնդիրները, պաշտպանական կարողությունների զարգացումը, երեք երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության խթանումը, ռազմարդյունաբերության ոլորտում (ներառյալ համատեղ արտադրությունն ու հետազոտությունները) համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Նախատեսվում է նաև նախանշել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և ստեղծել աշխատանքները համակարգող հատուկ քարտուղարություն։
Հիշեցնենք, որ «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը» ստորագրվել էր 2026-ի օգոստոսի 7-ին Մեքքայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր մասնակից պետությունների վրա։

Բաց մի թողեք
Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է
Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի
Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ծրագրեր․ Ռումինիայի պաշտպանության նախարար. Լուսանկար