ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր Վահագն Մելիքյանի՝ Վեհափառի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործի տարածքային ընդդատության հարցը, որոշել է, որ քրեական վարույթը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Վճռաբեկ դատարանը, նշել է, որ «ընդդատության հարցը պետք է որոշվի օրենքով սահմանված օբյեկտիվ չափանիշներով», ոչ թե դատարանի սուբյեկտիվ կամ ձևական մոտեցմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործը մեկ դատարանից մյուսին փոխանցելը՝ առանց հստակ իրավական հիմքի, կարող է առաջացնել անհարկի «դատական շրջապտույտ» և վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։
Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարելի է համարել նիկոլական Հայաստանում տիրապետող ձևականության թագն ու պսակը: Որովհետև ձևական տեսակետից այն ճշմարիտ է՝ եթե հաշվի առնենք, որ կաթողիկոսարանը գտնվում է Արմավիրի մարզում: Բայց եթե այս իրադարձությունը տեղի ունենար ոչ թե նիկոլական, այլ իրական ժողովրդավարական պետությունում, ապա, նախ, նման գործ ընդհանրապես չէր նախաձեռնվի: Երկրորդ, եթե, այնուամենայնիվ, կախարդական չար փայտիկով այն կյանքի կոչվեր, ապա Վճռաբեկն իր որոշմամբ պետք է կարճեր այն: Առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ քրգործը Վճռաբեկ դատարան էր հասել մեկ այլ ասպեկտով: Եվ կարճման հիմնավորման մեջ էլ կգրվեր, որ բովանդակային առումով նման գործը գոյության իրավունք չունի: Բայց քանի որ Վճռաբեկ դատարանը գործում է նիկոլական Հայաստանում, ապա Վճռաբեկի որոշումն էլ պետք է լիներ հենց այնպիսի, ինչպիսին որ կայացվել է:
Սակայն ինձ առավել «դուր եկավ» որոշման հիմնավորման այն մասը, որում ասվում է, որ առանց հստակ իրավական հիմքի գործը մեկ դատարանից մյուսին փոխանցելը կարող է վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։ Առաջին հայացքից կարծես թե նորմալ հիմնավորում է՝ զուրկ, այսպես ասած, ստորջրյա խութերից: Բայց ընդամենը առաջին հայացքից: Որովհետև եթե վերհիշենք, որ շարքային քաղաքացի Սարոյան Արմանը (Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը) շարունակում է տնօրինել թեմը, ապա որքան երկարատև լինի ողջամիտ ժամկետ կոչվածը, այնքան իր օգուտն է: Ի դեպ, մամուլում արդեն գրվել է, որ կաթողիկոսարանը փորձել է աշխարհի ամենաարդար դատարանի ուշադրությունը հրավիրել թեմի ֆինանսական խնդիրների վրա: Իհարկե, առանց որևէ արդյունքի: Ուրեմն ո՞ւմ շահերն են պաշտպանվում ողջամիտ ժամկետի հիշատակումով:
Եթե լինեի դավադրապաշտության հետևորդ, կարող էի մտածել, որ «ողջամիտ ժամկետի իրավունքի» ապահովման հարցն ուղղված է ոչ թե քաղաքացի Սարոյանին, այլ հենց կաթողիկոսղարանին: Չնայած այդ դեպքում շատ դժվար կլիներ գլխի ընկնելը, որ որոշման մեջ անձ գրելով՝ Վճռաբեկը նկատի է ունեցել ոչ թե եկեղեցու նախկին սպասավորին, այլ հենց ՀԱՍԵ Մասյացոտն թեմին՝ որպես իրավաբանական անձի: Բայց քանի որ դավադրապաշտության հետևորդ չեմ (օրինակ՝ չեմ կարծում, որ ՀՀ երրորդ նախագահ, արցախցի Սերժ Սարգսյանը գիտակցված կերպով իշխանությունը հանձնել է ենոքավանցի «դուխով» Նիկոլին, որպեսզի նա էլ, իր հերթին, թշնամուն հանձնի Արցախը), Վճռաբեկի որոշման մեջ նման ենթատեքստ չեմ փնտրում:
Հընթացս անդրադառնամ մեկ այլ հարցի. խոսքն 1-ին ատյանի դատարանի դատավորի կողմից Վճռաբեկ դիմելուց հետո մեկ շաբաթ չանցած պատասխան ստանալն էր: Քանի որ ժամկետի արագության առումով այն խիստ կասկածելի էր՝ դիմեցի ԱԲ-ի օգնությանը: Բայց այս հարցում կասկածամտությունս հերքվեց: Սկզբում ստացա պատասխան, որ սովորաբար այդ գործընթացը տևում է մեկ-երկու ամիս: Ու մտածեցի՝ այս ի՞նչ տարբերություն է՝ 4 օր և 30-ից 60 օր: Բայց երբ ճշտեցի հարցս՝ լեզուս կծեցի. արագությունը պայմանավորված էր Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով: Այն կարգավորում է դատարանների միջև ծագած ընդդատության վեճերը, և դրա համար Վճռաբեկին տրվում է ընդամենը 5-օրյա ժամկետ:
Այնպես որ այդ հարցում ՀՀ վճռաբեկ դատարանը ճշմարիտ էր թե՛ ձևական և թե՛ բովանդակային առումներով: Կցանկանայի, որ Վճռաբեկը ճշմարիտ լինի նաև քաղաքացի Սարոյանի հայցի բովանդակային առումով: Քանի որ այդ գործը վստահաբար կհասնի Վճռաբեկ դատարան:

Բաց մի թողեք
Մարիաննա Ղահրամանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Ձեր ամբարտավան բերանը եթե էլի բացեք, կպատժվեք. լարված բանավեճ Ավինյանի և Զառոկյանի միջև
Աստված գիտի, թե երբ կլինի նախագիծը