08/09/2026

EU – Armenia

Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն

Գյուղատնտեսությունում եւ գյուղացիների շրջանում վերջերս տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները մեզ լուրջ խորհելու առիթ են տալիս:

Մի կողմից, հայտնի արտահայտությունը՝ մեր միրգն ու բանջարեղենն ուրիշ են, մյուս կողմից՝ հայաստանյան միրգ-բանջարեղենն արտահանելիս մեզ ասում են՝ ֆիտոսանիտարական պահանջներին չի համապատասխանում, այսինքն՝ դրանք մարդու կողմից օգտագործման համար վտանգավոր են:

Փորձենք տեսնել, թե իրականում ինչպիսին է վիճակը գյուղատնտեսությունում եւ գյուղացիների շրջանում, ինչպիսի նյութատեխնիկական միջոցներ (սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ) է օգտագործում գյուղացին: Ոչ ոք այդ մասին չգիտի, ոչ էլ դրանց վերահսկող կա:

Իրականում, պատկերը հետեւյալն է. գյուղացիների մեծ մասն աղքատ է, խրված է տարբեր վարկերի մեջ եւ ձգտում է գնել էժանագին նյութատեխնիկական միջոցներ, գյուղացու ձեռքն ինչ ընկնում է, կամ ճարում է, այն էլ օգտագործում է իր գյուղատնտեսական հողատարածքում:

Գաղտնիք չէ, որ մաքսանենգ, զարտուղի ճանապարհներով, դրսից Հայաստան են ներկրվում էժանագին, անհայտ ծագում ունեցող եւ անորակ բազմաթիվ սերմեր, անհայտ ծագումով, ժամկետանց եւ անորակ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, եւ գյուղացին դրանք օգտագործում է իր հողամասի մրգերի, բոստանային եւ բանջարանոցային մշակաբույսեր մշակելիս, որոնք երբեմն սպառողին օգուտ տալու փոխարեն, կարող են հակառակը՝ առողջությանը վնաս պատճառել:

Ճիշտ է, սա չի վերաբերում բոլոր գյուղացիներին կամ տնտեսվարողներին: Իրականում, կան նաեւ որոշ տնտեսվարողներ, որոնց հնարավորությունները թույլ են տալիս գնել եւ օգտագործել լավագույն, ստուգված սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ:

Մեր ժողովուրդը սիրում է ասել՝ մեր միրգը, բանջարեղենը ուրիշ են, անտեղյակ լինելով, թե տվյալ միրգը կամ բանջարեղենը մշակելիս գյուղացին ինչպիսի թունաքիմիկատ է օգտագործել, եւ քանի անգամ է մշակաբույսը սրսկվել:

Մեկ ուրիշ կարեւոր հանգամանք: Նախկինում, երբ գյուղատնտեսության նախարարություն գոյություն ուներ, գոյություն ուներ նաեւ ագրոքիմիայի ինստիտուտ, որտեղ տարբեր մարզերի գյուղական համայնքներից հողանմուշ էին բերում եւ ստուգում դրանց կազմն ու պիտանելիությունը:

Գյուղնախարարության եւ ագրոքիմիայի ինստիտուտի փակվելուց հետո, երկար ժամանակ է, ինչ հողի կազմը չի ստուգվում, իսկ հանրապետությունում բազմաթիվ գյուղատնտեսական հողեր վարակված են բազմաթիվ հիվանդություններով եւ վնասատուներով:

Այսպիսի պայմաններում են ստացվում հայկական միրգն ու բանջարեղենը, որոնք կարող են բազմաթիվ վտանգներ ներկայացնել բնակչության համար:

Տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել եւ իրականացվում է ոչ արդյունավետ եւ անհեռատես ագրարային քաղաքականություն: Ապրելու եւ աշխատելու նորմալ պայմանների բացակայության պատճառով, այսօր բազմաթիվ գյուղացիներ հողերը չեն մշակում կամ ոչ լիարժեք են մշակում, տարեցտարի պակասել են ցանքատարածությունները:

Կառավարության կողմից հիմնականում իրականացվում են կիսատ-պռատ գյուղատնտեսական ծրագրեր: Գոյություն չունի արդյունավետ եւ նպատակային մշակված գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն: Կարծում եմ, որ պետությունն առաջնահերթ պետք է մտահոգվի ոչ թե նրա համար, թե ինչու մեր միրգն ու բանջարեղենը չեն արտահանվում, այլ՝ ինչպես անել, որ հայ մարդը, հայ սպառողն իր հայրենիքում օգտագործի անվտագ, որակյալ միրգ եւ բանջարեղեն:

Գյուղատնտեսության նախարարության գոյությունը նշանակում է կառավարության կողմից գյուղացիների հանդեպ փոխադարձ, որոշակի պարտականությունների եւ պատասխանատվության ստանձնում, պետք է աշխատի կառավարություն-գյուղացիություն փոխադարձ կապը:

Չբացելով գյուղատնտեսության նախարարությունը՝ այսօր կառավարությունը փորձում է իր վրայից գցել գյուղացիների նկատմամբ ունեցած պարտականությունները: Չէ՞ որ լավ գյուղատնտեսություն ունենալը երկրի պարենային անվտանգության հարցի լուծում է:

Պետությունը պետք է վերահսկի, որ հանրապետություն ներկրվեն բացառապես որակյալ նյութատեխնիկական միջոցներ, մարզերում գյուղատնտեսության նախարարության մասնագետները գյուղացիներին սովորեցնեն, խորհուրդներ տան, թե որ նյութատեխնիկական միջոցն է ավելի ձեռնտու օգտագործելու համար, եւ ինչպես միաժամանակ օգնեն սուբսիդավորել գյուղատնտեսական նյութատեխնիկական որոշ միջոցներ, որից հետո միայն ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեր գյուղատնտեսական արտադրանքին չեն կարողանա ասել, որ վատն է, իսկ հայ մարդն էլ, վստահաբար, կօգտագործի անվտանգ եւ որակյալ հայկական միրգ-բանջարեղեն:

Սարգիս Սեդրակյան
Ֆերմերային շարժման նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
քաղաքացիական համագոր­ծակցության ցանցի նախագահ