Փարիզում կայանալիք տիեզերական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը կարող է առաջին հայացքից դիտարկվել որպես Երևանի՝ տիեզերական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հերթական քայլ։
Սակայն միջոցառման օրակարգի, կազմակերպչական գործընթացների և հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախատեսվող հանդիպման ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք Փարիզի այցի առանցքում իսկապես տիեզերական թեման է։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին ծանոթ վեց մասնակիցներ միջոցառումը նկարագրել են որպես վատ համակարգված և անորոշ արդյունքով նախաձեռնություն։
Ըստ նրանց՝ գագաթնաժողովը ժամանակացույցից հետ է մնում, պատշաճ կերպով չի համակարգվել եվրոպական տիեզերական ոլորտի խոշոր խաղացողների հետ, և մինչ այժմ լիովին պարզ չէ, թե որն է դրա իրական նպատակը։ Ի՞նչ կարող է Հայաստանը ստանալ Փարիզից, և արդյո՞ք գագաթնաժողովը կարող է իրական նշանակություն ունենալ Հայաստանի տիեզերական հավակնությունների համար։
«Եթե վերցնենք տիեզերական ոլորտը, ապա չեմ կարծում, որ այստեղ կարելի է լուրջ արդյունքներ ակնկալել։ Հայաստանն արդեն երկու անգամ նույն արբանյակը բաց թողեց, և երկու անգամ էլ տպավորիչ արդյունք չունեցավ։ Ավելին՝ անգամ մամուլն էր գրում, որ միջազգային գործընկերներն ահազանգում էին, թե արբանյակը սկսել է խանգարել տիեզերքում այլ արբանյակների աշխատանքին»,- ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այցը Փարիզ։ «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչու է նախատեսված նաև Մակրոնի հետ հանդիպումը և ինչու հենց այս շրջանակներում, կարծում եմ՝ Փաշինյանի մեկնումը մեծ հաշվով որևէ կապ չունի տիեզերական թեմայի հետ։ Սա պարզապես Մակրոնի հետ հանդիպում է՝ Մոսկվայից առաջ՝ փորձելու հասկանալ, թե ինչ կարող է Եվրոպական միությունն առաջարկել Հայաստանին։ Արդեն տեսանք, որ վիզաների հետ կապված հարցը կարծես թե փակվեց անորոշ ժամանակով։ Հիմա հարց է՝ արդյո՞ք Եվրոպական միությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, կարող է իր վրա վերցնել այն դժվարությունները, որոնք սպասելու են Հայաստանին մոսկովյան այցից հետո, և առաջին հերթին՝ տնտեսական առումով»,- նշեց միջազգայնագետը։
Իսկ որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կարող է նաև այս հարթակն օգտագործել սեփական արբանյակային և տիեզերական կարողությունները զարգացնելու համար։
«Չեմ կարծում, որ դրա մասին կարող է խոսք լինել։ Հայաստանը դեռ 2020 թվականին ԵԱՏՄ շրջանակներում հնարավորություն ուներ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությանը՝ արբանյակների համատեղ խմբաքանակ արձակելու և դրանց համատեղ արտադրություն սկսելու ուղղությամբ։ Եթե Հայաստանը ցանկանար, կարող էր մաս կազմել այդ ծրագրին, իրական աշխատատեղեր ստեղծել մեր երկրում և մեր մասնագետներին ապահովել բավականին երկարատև պատվերներով։ Եվրոպական միության հետ այդ ոլորտում համագործակցությունը, ըստ էության, Հայաստանին շատ բան չի տալու, քանի որ դա պահանջելու է հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք այս պահին չունենք։ Բացի այդ, պարզ չէ, թե այդ համագործակցությունից Հայաստանը կոնկրետ ինչ է շահելու և արդյո՞ք կարող է այդ ոլորտը Հայաստանում զարգացնել։ Միակ բանը, որ կարող է շահել Եվրոպական միությունն այս համագործակցությունից, հայ մասնագետներին իր մոտ տանելն է և այնտեղ պայմանագրեր առաջարկելը՝ այնտեղ մնալու և աշխատելու համար»,- ասաց Բալասանյանը։
Եթե ԱՄՆ-ի խոշոր մասնավոր տիեզերական ընկերությունները չեն մասնակցում, Հայաստանն այս հակասության մեջ իրեն ո՞ր դիրքում է տեսնում, երբ նրանք չկան, բայց Հայաստանը հրավիրված է։
«Սա նշանակում է, որ այդ համաժողովն այդքան էլ չի վերաբերվելու տիեզերագնացությանը։ Այստեղ այլ հարցեր են քննարկվելու՝ արդեն Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող, որտեղ ԱՄՆ-ն, բնականաբար, ներկայացվածություն չի ունենալու»,- եզրափակեց խոսքը միջազգայնագետը։

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»