13/09/2026

EU – Armenia

Հաջիևն ու Գանձասարը, ազգային խայտառակություն

Ադրբեջանում հավատարմագրված շուրջ 150 օտարերկրյա դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների տարել են Գանձասար և Դադիվանք։ Հիքմեթ Հաջիևը նրանց ներկայությամբ երկու վանքերն էլ ներկայացրել է որպես «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգություն», իսկ Հասան Ջալալին՝ որպես «աղվանական իշխան»։

Սա պատմական էքսկուրսիա չէր, այլ պետականորեն կազմակերպված քաղաքական ներկայացում՝ միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայությամբ։ Գանձասարի պատերին հայերեն արձանագրություններ կան։

Հասան Ջալալի պատմական ինքնությունը և վանքի հայկական պատկանելությունը մասնագիտական գրականության մեջ վաղուց փաստագրված են, բայց ժամանակակից քաղաքականության մեջ երբեմն փաստից ավելի կարևոր է դառնում այն տեսարանը, որը հաջողվում է ստեղծել, և Բաքուն հենց այդ տեսարանն էր ստեղծում։

Տասնյակ երկրների ներկայացուցիչներ կանգնած են հայկական վանքի բակում, իսկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան նրանց բացատրում է, թե այդ վանքը հայկական չէ։ Հետո տարածվում են լուսանկարներ, տեսանյութեր, պաշտոնական հաղորդագրություններ։

Դիվանագետների ներկայությունը, իհարկե, չի նշանակում, որ նրանք ընդունել են ադրբեջանական պատմագրությունը։ Բայց Բաքվի համար կարևոր է այլ բան՝ նրանք եկել են, լսել են և կանգնել են այդ պատմության բեմում։ Ահա սա է մերօրյա ռեալպոլիտիկը։

Ցինիզմն առավել տեսանելի է մի պատճառով՝ նույն պահին, երբ Ադրբեջանի իշխանությունները Գանձասարում հայտարարում են, թե պաշտպանում են բոլոր մշակութային և կրոնական հուշարձանները, արբանյակային ուսումնասիրությունները փաստագրում են հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացումը։ Ստեփանակերտում եկեղեցիներ են քանդվել։ Շուշիի պատմական գերեզմանոցը հողին է հավասարեցվել։ Հայկական մշակութային ներկայության հետքերը ոչ միայն պահպանության, այլև վերագրելու, փոփոխելու կամ վերացնելու վտանգի տակ են։

Հաջիևը դիվանագետներին ասում է՝ «տեսնել՝ նշանակում է հավատալ»։ Ճիշտ է։ Բայց պետք է տեսնել ամբողջը։ Պետք է տեսնել ոչ միայն այն վանքը, ուր կառավարական ավտոբուսով քեզ տարել են, այլև այն եկեղեցին, որն այլևս չկա։ Ոչ միայն վերականգնվող շինությունը, այլև հողին հավասարեցված գերեզմանոցը։ Ոչ միայն պետական պաշտոնյայի բացատրությունը, այլև պատերի հայերեն արձանագրությունները։

Միջազգային քաղաքականությունը, սակայն, այդպես չի գործում։ Եվրոպային պետք է ադրբեջանական գազը, Կասպից ծովով ճանապարհը և Կենտրոնական Ասիայի հետ կապը։ Միացյալ Նահանգներին պետք է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը և TRIPP-ի հաջողությունը։ Թուրքիային պետք են տարածաշրջանային հաղորդակցությունները։

Այս շահերի կողքին հայկական գերեզմանոցի ճակատագիրը հաճախ երկրորդական է դառնում։ Դաժան է, բայց ոչ անսովոր։ Պատմության ընթացքում մեծ տերությունները բազմիցս ընտրել են այն հիշողությունը, որը չի խանգարում իրենց ընթացիկ շահերին։ Փոքր ժողովուրդների սխալը եղել է այն համոզումը, թե պատմական ճշմարտությունը ինքն իրեն կպաշտպանի։

Չի պաշտպանի։ Եթե Հայաստանը ցանկանում է, որ հիսուն տարի հետո Գանձասարը աշխարհին ներկայանա իր իրական պատմությամբ, այդ պատմությունը պետք է այսօր ամրագրվի ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ փաստաթղթերով, գիտական աշխատանքով, արբանյակային մշտադիտարկմամբ, իրավական պաշտպանության մեխանիզմներով և հետևողական դիվանագիտությամբ։

Յուրաքանչյուր դեսպան, որը Բաքվի կազմակերպած այցով մտնում է Գանձասար, պետք է նախապես Հայաստանից ստացած լինի նաև Գանձասարի ամբողջ փաստագրված պատմությունը, որովհետև այստեղ պայքարը միայն վանքի համար չէ՝ պայքարը նրա համար է, թե ում պատմությունն է մնալու վանքի պատերից դուրս։

Միջազգային քաղաքականության այս կոշտ տրամաբանությունը պետք է տեսնել այնպես, ինչպես կա, բայց առավել վտանգավոր է նրան հարմարվել այնքան, որ վերջում ուրիշներն արդեն մեր փոխարեն պատմեն մեր պատմությունը։