Հայաստանում առաջին անգամ միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազք է անցկացվում։ Tour of Armenia-ն չորս փուլով անցնում է Հայաստանի տարբեր մարզերով ու ճանապարհներով, մասնակիցները հաղթահարում են 568 կմ և 5300 մ վերելք։ 16 թիմ, 300 մասնակից, հեռարձակում․ մի խոսքով՝ ամեն ինչ շատ լուրջ է։
Հրապարակ թերթը գրել է․ Ո՞վ կարող է առարկել միջազգային մրցաշարի դեմ։ Թող Հայաստանը հեծանվասպորտով էլ ճանաչեն, մարզիկները թող մրցեն, թող աշխարհը տեսնի մեր բնությունը, ճանապարհները, սարերը, քարերը քաղաքները։ Դա լավ բան է։
Միայն թե կա մի փոքրիկ, բայց էական հարց․ իսկ փողոցները փակել մենք կարո՞ղ ենք։ Լոռու մարզում, դատելով կատարվածից, այդ հարցի պատասխանը դեռ փնտրվում է։
Վաղ առավոտյան ականատես եղա Վանաձորի փողոցների «ազատագրման» գործընթացին։ Այնպիսի եռուզեռ էր, այնպիսի ճիգեր, արարողակարգ, ոստիկանական մեքենաների շչակներ, փողոցների փակումներ ու ընդհանուր հարայ-հրոց, որ մարդ կարող էր կարծել՝ ոչ թե հեծանվավազքի մասնակիցներն են քաղաք մտնելու, այլ աշխարհի վերջն է մոտենում։
Մինչդեռ հեծանվորդները դեռ Դիլիջան էլ չէին հասել։ Այսինքն՝ քաղաքը վաղօրոք պատրաստվում էր այնպիսի արտակարգ իրադարձության, որի գլխավոր հերոսները անչափ հեռու էին։ Փողոցները փակվեցին, մեքենաները կանգնեցին, մարդիկ մնացին խցանումների մեջ, իսկ հեծանվորդները, իրենց համար հանգիստ մոտենում էին «նպատակակետին»։
Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցը՝ Վանաձոր-Դիլիջան տանող ճանապարհի կարևոր հատվածը, փակվել էր ամենատարբեր միջոցներով։ Ոչ մի նրբագեղություն․ ճանապարհը պետք էր փակել՝ ուրեմն փակեցին։ Խոտի դեզով մեքենաներով, մասնավորների, ոստիկանների մեքենաներով:
Իսկ նախապես ծանուցե՞լ էին մարդկանց։ Հատուկ նշաններով, սլաքներով նշե՞լ էին շրջանցման փողոցները: Անմիտ հարցեր: Ինչո՞ւ պիտի ծանուցեին: Մեծ գործի համար կարելի՞ է ավելորդ շռայլության ու ձևականության «ետևից ընկնել»։ Եթե մարդը պատրաստվում է աշխատանքի գնալ, երեխային դպրոցից վերցնել, հիվանդանոց հասնել՝ թող մի քիչ արկածախնդրություն վայելի։ Ի վերջո, միջազգային սպորտային միջոցառում է։
Ոստիկանները նշում էին, որ 15 րոպեով է փակվելու քաղաքի կենտրանական հատվածով անցնող ճանապարհը, բայց խցանումները գոյություն ունեցան ժամերով։ Այդ ընթացքում՝ երեխաներ մնացին դպրոցի, մանկապարտեզի ճամփին, մարդիկ չկարողացան ժամանակին հասնել հիվանդանոց, աշխատանքի, իրենց գործերին։ Մի խոսքով՝ Վանաձորը պարալիզացված էր ժամերով:
Հեծանվավազքի կազմակերպիչները աշխարհին պետք է ցույց տան ժամանակակից Հայաստանը, իսկ Վանաձորը աշխարհին ցույց տվեց մի բան, որը մենք արդեն վաղուց գիտենք՝ ինչպես կարելի է մեկ միջոցառման պատճառով ամբողջ քաղաքին հիշեցնել, թե ինչ է նշանակում կազմակերպչական անկազմակերպությունը։
Հեծանվորդ զբոսաշրջիկին մենք ցույց տվեցինք մեր սարերը, անտառները, իսկ սեփական քաղաքացուն՝ եռակիլոմետրանոց տեսարժան խցանումները։ Եվ դա է մեր խցանումային տուրիզմը։
Հատկապես հետաքրքիր է այն հարցը, թե ինչու նախապես հնարավոր չէր մարդկանց պատշաճ տեղեկացնել ճանապարհների փակման մասին, մշակել շրջանցման հստակ սխեմա, երթևեկությունը կազմակերպել այնպես, որ մրցաշարը չվերածվեր քաղաքի կաթվածահարության։
Հեծանվավազքը պետք է անցկացվեր մարդկանց համար, ոչ թե մարդկանց հաշվին։ Կարևորն այն է, որ մենք «միջազգային մակարդակ» ցույց տվինք՝ հեծանվորդները դեռ Դիլիջան էլ չէին հասել, մենք ճանապարհները համապարփակ փակել էինք։


Բաց մի թողեք
Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը
Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովու՛րդն է փակում․ կանգ առ
ՊՆ-ի զենքերը սերժանտի տանը․ «զենքի որսը» հասել է բանակ