2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է վերանայել պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, եւ դա շուրջ 30 միլիարդ դրամ լրացուցիչ բյուջետային ծախս է նշանակելու։
Հրապարակ թերթը գրել է․ Որոշումն ընդունել են գործադիրի երեկվա նիստում, եւ արդեն հանրային ալեկոծում է առաջացել: Թալանի մասին ամենօրյա ռեժիմով խոսող իշխանությունն ավելի խորն է թաթը մտցնում բյուջեի մեջ: Եթե գոնե միայն մանր ու միջին չինովնիկների աշխատավարձերը բարձրացվեին, որոնք հիմա ստանում են 150-300 հազար դրամ ամսական, գուցե դժգոհությունն այսչափ չլիներ:
Բայց շեշտակի ավելացնում են առանց այն էլ բարձր վարձատրվող արտոնյալների եկամուտները: Ըստ այդմ՝ վարչապետի եւ նախագահի աշխատավարձը մոտ 1,5 միլիոնով է ավելանում` դառնալով 2,6 մլն դրամ, փոխվարչապետներինը՝ 2,1 մլն, նախարարներինը՝ մոտ 2 մլն: Գրեթե կրկնակի բարձրանում է ՏԻՄ ղեկավարների վարձատրությունը՝ ամսական 700 հազարից մինչեւ 1,2 միլիոն դրամ:
Եվ նրանցից ոչինչ չի պահանջվելու նոր «թվերը» վայելելու համար, մինչդեռ սովորական աշխատողները, բառի բուն իմաստով, ասեղի անցքով պետք է անցնեն՝ մի երկու կոպեկ ավել ստանալու համար: Նրանց աշխատավարձի հավելումները կապվելու են աշխատանքի արդյունավետության հետ, որը հաշվարկվելու է կատարողականի գնահատման նոր համակարգով։ Այլ կերպ ասած՝ ֆիքսված բարձրացում բոլորին չի տրվում. ով ավելի լավ կատարի պլանը, նա էլ հավելավճար կստանա։
Հայաստանի բնակիչների արձագանքը (որոնց մոտ 22 տոկոսը համարվում է աղքատ) բյուջեի հերթական թալանին` սոցիալական անդունդը մեծացնող այս որոշմանը համարժեք է. ««Ժողովրդավար» կառավարությունն օրուգիշեր ժողովրդի մասին մտածելուց հետո որոշեց 60-80% բարձրացնել իր իսկ աշխատավարձը։ Կարծում եմ՝ սա ամենակշռադատված քայլն էր։ 80.000-150.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները թող շարունակեն մտնել տոտալ թանկացումների ֆոնին հագեցված ապրանքներով խանութներ եւ երկմտեն` երեխայի համար սնո՞ւնդ առնեն, թե՞ իրենց թույլ տան նոր կոշիկ գնել»,- սոցցանցում գրում է բլոգեր Ալեքս Թովմասյանը:
«Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռեւս ապրում են վագոն-տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ եզրակացնելով, որ աշխատավարձերի բարձրացման որոշման հիմքում նաեւ պետական համակարգի լոյալությունն ունենալու քաղաքական հաշվարկն է։
«Ինչ է՝ ամեն ամիս կոստյում ու ժամացո՞ւյց ես առնելու, մի հատ բաց արա՝ նայիր, թե 2018-ին հարթակից ինչեր էիր խոստանում հպարտներին, բա մի հատ գոնե ակնարկեիր ձեր ախորժակների մասին ու տեսնեիր՝ քանի մարդ կմնա հրապարակում։ Մարդը շերեփն առել, իր համախոհներով մտել ու տեղը տեղին վայելում է մեր բոլորի բյուջեն, համաձայն չե՞ք՝ հեղափոխություն արեք։ Ճիշտ են ասում՝ չտես մարդուց ագահ մարդ չկա։ Ինչ վերաբերում է մեզ՝ մեզ դեռ քիչ է»,- գրում է Սուսաննա Մուրադյանը:
Կառավարությունն իր «գրգռված ախորժակը» հիմնավորում է պետական ապարատի մրցունակության բարձրացմամբ եւ կոռուպցիայի կանխարգելմամբ։ Բայց արդյո՞ք սեփական աշխատավարձերը միլիոններով ավելացնելն ունի որեւէ տնտեսական կամ բարոյական արդարացում, ի՞նչ է ասում միջազգային փորձը: Փորփրելով համացանցը՝ հետաքրքիր տվյալներ գտանք: Աշխարհում ընդունված տնտեսական չափանիշ է, որ երկրի ղեկավարի եւ, օրինակ, ուսուցչի վարձատրության միջեւ չպետք է լինի աստղաբաշխական խզում։ Ֆրանսիայում, օրինակ, նախագահի ամսական պաշտոնական աշխատավարձը կազմում է շուրջ 15 հազար եվրո, իսկ շարքային ուսուցչի միջին ամսական եկամուտը տատանվում է 3.000-3.500 եվրոյի սահմաններում։
Այսինքն՝ Ֆրանսիայի ղեկավարը ստանում է ընդամենը 4,5 անգամ ավելի, քան սովորական ուսուցիչը: Գերմանիայի կանցլերի ամսական վարձատրությունը մոտ 25-30 հազար եվրո է, ինչը գերմանացի ուսուցչի միջին աշխատավարձից՝ շուրջ 4.500-5.500 եվրո, ավելի է 5-6 անգամ։ ԱՄՆ նախագահի ֆիքսված աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, ամսական՝ մոտ 33 հազար, իսկ ուսուցիչներն ԱՄՆ-ում տարեկան ստանում են 46-74 հազար դոլար, այսինքն՝ ԱՄՆ նախագահից մոտ 5-6 անգամ քիչ:
Իսկ ի՞նչ ենք տեսնում նիկոլական Հայաստանում: 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրինագծով վարչապետի աշխատավարձը դառնալու է մոտ 2,6 միլիոն դրամ, մինչդեռ Հայաստանում կամավոր ատեստավորում չանցած շարքային ուսուցչի ամսական վարձատրությունը 150-200 հազար դրամ է` վարչապետի եկամտից 13-17 անգամ քիչ: Անգամ եթե դիտարկենք բարձր՝ 250 հազար դրամ ստացող ուսուցչին, տարբերությունը, միեւնույն է, ավելի քան 10 անգամ է: Գրեթե կրկնակի, քան այն Եվրոպայում, դեպի ուր այս կառավարությունը ձգտում է:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու. Լուսանկար
Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում