22/09/2026

EU – Armenia

Ամերիկյան հեռուստաընկերությունները Թրամփի ելույթն առանց ձայնի են ցուցադրել. գործարկվել է «TRUMP TV»-ն

ԱՄՆ հեռուստաընկերությունները նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը եթեր հեռարձակել են առանց ձայնի Սպիտակ տան մամուլի խմբի (press pool) կողմից իրականացված բոյկոտի պատճառով։

Ավելի վաղ նախագահը զրկել էր Politico, CNN և MSNBC լրատվամիջոցների թղթակիցներին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից։ «Fox News»-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը համերաշխություն են հայտնել իրենց գործընկերներին և հրաժարվել լուսաբանել Թրամփի գործունեությունը, քանի դեռ սահմանափակումները գործում են։

Axios-ը նշել է, որ ԱՄՆ վարչակազմն իր հերթին տրամադրել էր նախագահի ելույթի տեսագրությունը՝ հեռարձակման համար ոչ պիտանի ձայնային որակով։ Սպիտակ տան մամուլի խումբը բաղկացած է մոտ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներից. ուղիղ եթերի հեռարձակումը սովորաբար հերթափոխով իրականացնում են ABC, CBS, CNN, Fox News և NBC հեռուստաընկերությունները։

Լրագրողները նաև դատական ​​հայց են ներկայացրել վարչակազմի դեմ՝ կապված այդ արգելքի հետ։ Բոյկոտին զուգահեռ՝ Սպիտակ տունը հայտարարել է «Trump TV»-ն գործարկելու ծրագրերի մասին։

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը բողոքարկելու է CNN-ի, Politico-ի և MSNBC-ի՝ սահմանափակումները վերացնելու ներկայացված հայցը։ ««Կեղծ լուրեր» տարածող լրատվամիջոցների և բացառապես բացասական նյութեր հրապարակող օրգանների ներկայացուցիչները, որոնք վտանգի են ենթարկում մեր ազգային անվտանգությունը՝ հղում կատարելով անհայտ «աղբյուրներին» և հրապարակելով կեղծ ու զրպարտչական պատմություններ, չպետք է հասանելիություն ունենան աշխարհի ամենակարևոր պաշտոնին առնչվող հաստատությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։