23/09/2026

EU – Armenia

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան

«Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը:

«Արհեստական բանականությունը հասարակության յուրաքանչյուր անդամի և կազմակերպությունների ներուժը բազմապատկող գործիքաշար է։ Հայաստանը ունի ամուր դիրքեր, ամեն դեպքում ունի գրավչություն, ունի հիմք, թե ինչից խոսել և ինչպես խոսել պոտենցիալ ներդրողների և էկոհամակարգի այլ մասնակիցների հետ։ Ինչ վերաբերում է մեր մրցակցային առավելություններին, ապա մրցակցությունը միշտ մրցավազք է, և հիմա թե՛ էներգետիկայի, թե՛ պոտենցիալի, թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունների մասով մենք ունենք առավելություն, և մասնավորապես մեր գերատեսչությունը ջանքեր չի խնայել, որպեսզի այդ մրցավազքը պահենք:

Ինչպես ես, այնպես էլ մեր նախարարության յուրաքանչյուր անդամ մոտիվացված է այնպես անել, որ Հայաստանը լինի և շարունակի մնալ մրցակցային իր առավելություններով հանդերձ։ Ցանկացած բարդ տեխնոլոգիայում անհնար է կայացնել և առաջխաղացում ունենալ առանց սերտ ինտեգրման: Հայաստանը այստեղ բացառություն չէ, այնպես որ էկոհամակարգի կառուցման ոլորտում ու բնագավառում մենք ներգրավելու ենք արտասահմանյան գործընկերների: Կառավարությունը ծրագիր ունի միգրանտների խրախուսման, բայց ամեն ինչ արվում է մեկ նպատակով, որպեսզի ստեղծված ավելացված արժեքը ձևավորվի և մնա Հայաստանում․ դա, անշուշտ, նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք կաշխատենք և կցանկանանք տեսնել և՛ մասնագիտական, և՛ գիտական ներուժի աճ Հայաստանում»,- նշել է նա: