23/09/2026

EU – Armenia

Ոսկեպարցու տան ժառանգությունը չեն ձեւակերպում, ասում են` դա ադրբեջանական տարածքում է

Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը ժառանգություն է մնացել Ռուսաստանում ապրող նրա որդուն: ժառանգությունը ձեւակերպելու գործընթացի ժամանակ որդին Կադաստրի կոմիտեից գրություն է ստացել, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ունեցող այդ գույքի մի մասը Ոսկեպարի վարչական սահմաններից դուրս է գտնվում:

Սակայն Սայադ Աղամյանի տունը Ադրբեջանի հետ սահմանից բավականին հեռու է գտնվում: Այդ առանձնատնից մոտ 200 մետր հեռավորության վրա 3 ոսկեպարցիների տներ կան, որոնց տերերին տասնամյակներ շարունակ սեփականության իրավունքի վկայականներ չեն տվել` պատճառաբանելով, թե այդ տեղանքը համարվում է Ադրբեջանի տարածք։

Բայց Աղամյանի տունը երբեւէ չի մտել վիճելի համարվող տարածքի մեջ եւ ոսկեպարցիները կարծում են, որ Սայադ Աղամյանի տան հետ կապված Կադաստրի կոմիտեի հայտնած տեղեկությունը թյուրիմացություն է` չի կարող այդ տարածքը Ադրբեջանինը լինել։

Չնայած արդեն կասկածներ ունեն, որ այս հատվածում Ադրբեջանն ավելի մեծ հավակնություններ ունի, քան մինչ օրս իրենց թվացել է եւ այդ հավակնությունների մասին արդեն ՀՀ իշխանությունները, եւ մասնավորապես` Կադաստրի կոմիտեն տեղյակ են։