Կենտրոնական բանկը սեպտեմբերի 29-ին ներկայացնելու է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որն իրականացվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ «Մշակված քարտեզները հնարավորություն են տալիս ՀՀ տարբեր բնակավայրերի եւ տարածքների համար գնահատել մի շարք կլիմայական վտանգների ազդեցությունը եւ կարող են ծառայել որպես կարեւոր տեղեկատվական հիմք պետական քաղաքականության մշակման․․․ եւ կլիմայական դիմակայունության բարձրացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում կան բազմաթիվ ֆինանսատնտեսական ռիսկեր, որոնց Կենտրոնական բանկը կարող է, նույնիսկ պարտավոր է անդրադառնալ: Օրինակ` եթե ռուսական գազի սակագինը թանկանա, կամ եթե դեֆոլտ լինի, անշարժ գույքի շուկան փլուզվի եւ այլն, բայց մեր ԿԲ-ն քննարկում է կլիմայի ազդեցությունը ՀՀ տնտեսական վիճակի վրա: Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է ԿԲ-ն որոշել կլիմայական փոփոխությունների ռիսկերին անդրադառնալ, ԿԲ-ն ո՛չ հասարակական կազմակերպություն է, ո՛չ բնապահպանության նախարարություն:
Վարդան Արամյանը նկատեց. «2 նախադրյալ կա, որ կարող է առնչվել ԿԲ-ի հետ: Առաջինը գուցե վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը: Գյուղատնտեսական ապահովագրությունը կապված է կլիմայական ռիսկերի հետ: Դրա համար քարտեզ է անհրաժեշտ, որպեսզի իմանան, օրինակ, Արարատյան դաշտավայրում կարկուտի հավանականությունը որքան է, կամ չոր եղանակի հավանականությունը որքան է եւ այլն: Գուցե այս ամենի ռիսկերն են փորձում հաշվարկել»:
Բայց դրա համար ժամանակին գործում էր գյուղատնտեսության նախարարություն, որը վերացրին։ «Կարելի է ասել, որ այդ հարցերը երկուսին էլ առնչվում են: Ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, մասնավորապես` գազի գնի հնարավոր թանկացմանը, ապա այդ ամենի վերաբերյալ Կենտրոնական բանկը կարող է զուտ դատողություններ անել, այդ հարցը կառավարության տիրույթում է հենց:
ԿԲ-ն կոմունիկացվում եւ շփվում է հասարակության հետ ֆինանսավարկային քաղաքականության հաղորդակցման մեխանիզմների միջոցով: Դրանից դուրս չեմ պատկերացնում նրա աշխատանքը: Հազվադեպ կտեսնեք, որ ԿԲ չինովնիկները հայտնվեն մեդիայում եւ խոսեն: Բայց կառավարության շփումները հանրության հետ լայնահարթակ են: Այդ հարցերին պետք է կառավարությունն անդրադառնա: Գազի սակագնի հետ կապված՝ Կենտրոնական բանկը կարող է խոսել լրացուցիչ հետեւանքների մասին»:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը շատ ավելի լուրջ եւ հիմնաքարային կարող է լինել, քան գազի գնի բարձրացման հետեւանքները. «Հաստատապես, Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նման միջոցառումներ է կազմակերպում ԿԲ-ն: Մակրոտնտեսական ռիսկերն ավելանում են կլիմայական փոփոխությունների պատճառով: COP 17-ը, որ կայանալու է Հայաստանում, եւս այդ երեւույթներին է անդրադառնում: Աշխարհի մի շարք կենտրոնական բանկեր այդ հարցերը քննարկում են պարբերաբար: Համարում են, որ կլիմայական փոփոխությունները պարունակում են տնտեսական մեծ ռիսկեր: Ես կարծում եմ, որ այս հարցն ավելի կարեւոր է, քան գազի գնի հարցը, գազի գինն ընդամենը մեկ պարամետր է, իսկ կլիմայական փոփոխություններն առաջացնում են բազմաբնույթ հարցեր: Եթե ջերմաստիճանը բարձրանում է մի քանի աստիճանով, տնտեսությունը կարող է տուժել դրանից: Կլիմայական փոփոխությունների պատճառով կարող ես կորցնել գյուղատնտեսության զգալի մասը, ըստ այդմ՝ այն կարող է վնասել ընդհանուր տնտեսության, ֆինանսական համակարգին, եւ այդ հարցերը պետք է քննարկեն, այն գլոբալ մարտահրավեր է, որը կարող է ազդել ողջ տնտեսության վրա»:

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս