«Նախկինների» արած թալանը Նիկոլ Փաշինյանի հայտարարած «կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու շրջանակներում պարբերաբար հաղորդագրություններ են տարածում Աշոցքի, Լոռու հեռավոր գյուղերում, այլ վայրերում կադաստրային ցածր արժեքով սեփականաշնորհված հողերը պետությանը կամ համայնքներին վերադարձնելու մասին։
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանն այդ տեղեկություններն իր էջում զետեղում է «Հատիկ առ հատիկ» հեշթեգի ներքո։ Մինչդեռ Երեւանում, տուրիստական կենտրոններ Ծաղկաձորում, Դիլիջանում մասնավորեցված հողերը վերադարձնելու մասին հայտարարություններ չկան, ավելին` արդեն նոր իշխանություններն են սկսել այդ հողերին տիրանալ, կառուցապատումներ անել։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակին Դիլիջան քաղաքում տիրացել է բազում հողերի։ Սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2019թ․-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հեկտար տարածք զբաղեցնող հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ էլ իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդհանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատերը: ՀՔԾ-ն հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքի սեփականություն հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հ. Աբրահամյանի ազգականներին եւ մերձավորներին վաճառելու դեպքեր:
Մասնավորապես, ձեռք են բերվել Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով եւ Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաեւ՝ նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 եւ 48 հասցեներում գտնվող 731, 761, 701 եւ 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ: Ըստ ՀՔԾ հայտարարության՝ քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել: Բայց 2019-ին այդ որոշումներն ուղարկվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։ Անցած 7 տարում՝ 2019-2026 թթ., Հովիկ Աբրահամյանին եւ նրա մերձավորներին պատկանող, Դիլիջանի ո՞ր հասցեներում գտնվող հողերն են վերադարձվել Դիլիջան համայնքին եւ ե՞րբ»։ Սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են․ «Ի պատասխան 2026 թվականի սեպտեմբերի 11-ի 115/122025-2026 հարցման, տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից նշված հասցեների վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվել են հայցեր, որոնք քննության փուլում են»։
Այսինքն, անցած 7 տարում՝ 2019 թվականից ցայսօր հարուցված հայցերից ոչ մեկի քննությունը չի ավարտվել, ոչ մի հայց չի մտել դատարան, որեւէ հայցով դատարանի որոշում չկա, եւ ոչ մի հողակտոր համայնքին չի վերադարձվել։ Ահա եւ «հատիկ առ հատիկ»։

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս