28/09/2026

EU – Armenia

Հոկտեմբերի 1- ին կնշվի Վանաձոր քաղաքի 200- ամյակը…

200 թիվն ինքնին մտորելու առիթ է տալիս: 2000 թվականից ի վեր՝ հոկտեմբեր ամսին նշվում է Վանաձոր քաղաքի տոնը: Տողերիս հեղինակը (քաղաքապետ Սամվել Դարբինյանի ժամանակ) նախաձեռնեց, մամուլում հրապարակումներով հասունացրեց եւ ավագանու նիստում ներկայացրեց քաղաքի ծննդի տոնը նշելու անհրաժեշտությունը:

Տարեթիվ չնշվեց հստակ ուսումնասիրություն չունենալու պատճառով, բայց վստահաբար 200 չէր:

Այն ամենը, ինչ ստեղծված է երկրի վրա, մեծանում ու ծերանում է, մինչդեռ այսօր այս տոնի կազմակերպիչների թեթեւ ձեռքով Վանաձորի հետ հակառակն է տեղի ունենում. առանց երկրագիտական թանգարանում պեղումների արդյունքում ցուցադրված նյութերի էլ պարզից պարզ է. քաղաքի պատմությունը դարերի հեռավորություն ունի եւ սկսվում է վաղնջական ժամանակներից: Պահանջվում է գիտական խոր եւ բազմակողմանւ քննություն համոզվելու համար` 200- ին գոնե մեկ զրո է պետք ավելացնել, կամ էլ մեկ այլ թիվ՝ քաղաքի ճշգրիտ տարիքը որոշելու համար․․․

Որտեղի՞ց է այդ 200-ը

Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանից, վերոնշյալ թվի մասին տեղեկատվություն կա Սովետական մեծ հանրագիտարանում:

Ասել է, թե` ցարը պարահանդես գնալուց առաջ, գրասենյակում նստած, իր չինովնիկներով հետ, սահմանել է Վանաձորի ծննդյան տարեթիվը: Այսինքն, գտնվել է Վանաձորի տարիքը որոշելու ամենակարճ, ամենահեշտ ուղին՝ 200 տարի: Այն դեպքում, երբ հնագետների աշխատանքը, գտածոներն ու թանգարանային ցուցանմուշները ազդարարում են այս հողի վրա ապրող մարդու ձեռքով դրանց ստեղծման քառանիշ թվերի մասին:

Հայի արմատներն ավելի խորն են ու ձգվում են հնագույն ժամանակներ, երբ խոսք չէր կարող լինել անգամ մեր ոխերիմ «բարեկամի» գոյության մասին, որի համար մեր նման երիտասարդացումը պայմնավորված է մեր կամեցողությամբ՝ արոտավայրեր, ամառանոցների տրամադրելով (տարիներ առաջ մարգահովիտցիները պատմում էին, որ Ղազախից Մարգահովիտի սարեր ամռանը ադրբեջանցիներն անասուն էին բերում արոտի)։ Նաեւ դրա հետեանքով են քաղաքների, բնակավայրերի անհեթեթ անվանումները տրվել, որ հիմա սադրանքի աղբյուր են դարձել…

Մինչեւ խոսքը վերջակետելը հիշեմ եւս մեկ փաստ. բարերար Փ. Թաիրովի նախաձեռնությամբ 1831 թվականին վերականգնվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Շուրջ 200 տարի առաջ, իսկ մինչ այդ, բնական է՝ գործել է հին եկեղեցին… Քաղաքի հազարամյա պատմության մասին հիշատակումներն ավելի քան շատ են եւ, անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, մասնագետները կանդրադառնան դրանց…

Միով բանիվ, դառնանք ու գոհանանք, որ խառնակ մեր ժամանակներում նշվում է Վանաձորի օրը եւ մաղթենք երջանիկ, խաղաղ օրեր…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՎԱՆԱՁՈՐ…