29/09/2026

EU – Armenia

Իշխանական մտքի եւ գործի ոսկե հավաքածուն

Այն, ինչ առաջներում կդիտվեր որպես երգիծական ամսագրին հարմար նյութ կամ թատերական ֆարսի սցենար, այսօր մեր պաշտոնական լրահոսի հիմքն է հանդիսանում` քաղաքական հայտարարությունների, պետական ռազմավարության մեխը։

Առաջ հանրային ուշադրությունը սեւեռված էր վարչապետի «մտքի փայլատակումների» վրա, վերջին շաբաթը ցույց տվեց, որ թիմակից նախարարներն ու պատգամավորները չեն զիջում առաջնորդին, երբեմն գերազանցում են՝ իմաստնության նոր, անհասանելի բարձունքներ նվաճելով եւ պաշտոնական խոսքն աբսուրդի հասցնելով։

«Մտածողության նոր մոդելների» արտադրամասը. Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հասել է արդյունքների՝ «մտածողության նոր մոդելներ թողարկելով»։ Սա տնտեսագիտական աննախադեպ նորույթ է։ Երկրները սովորաբար թողարկում են ավտոմեքենա, դեղորայք, տեխնոլոգիաներ, երբեմն՝ արբանյակներ։ Մենք՝ մտածողության մոդել։

Ենթադրվում է, որ էկոնոմիկայի նախարարությունը կհրապարակի տվյալներ, թե քանի հատ «մտածողության մոդել» է արտահանվել, քանիսն է մնացել պահեստներում, եւ որքան է կազմում դրանց ինքնարժեքը։ Գլխավոր հարցը մեկն է․ արդյո՞ք այդ մոդելները փոխարինման եւ երաշխիքային սպասարկման ենթակա են, թե՞ «թողարկված» մոդելը հետվերադարձի ենթակա չէ։ Իսկ եթե նոր մոդելն էլի չաշխատի, ինչպես միշտ, հավանաբար, կրկին կթողարկվի նորը։

«Պետությունը դու ես». Անկախության օրը վարչապետը հայտարարեց․ «ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»։ Թեզը լրացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը. «ՀՀ քաղաքացիությունն արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը»։ Ստացվում է իրավական նոր հայեցակարգ․ եթե քաղաքացին է պետությունը, իսկ քաղաքացիությունը պետք է կիսել 50/50 հարաբերակցությամբ, ապա քաղաքացու անձնական պարտքերի կեսը պետական բյուջեինն է։

Տան վերանորոգման ծախսերը, կոմունալ հոգսերը նույնպես պետք է կիսվեն պետության հետ։ Իսկ եթե քաղաքացին սխալ է թույլ տալիս, ուրեմն դա «պետական սխա՞լ» է։ Ո՛չ, իհարկե։ Իշխանությունը պարզապես վարձակալության է վերցրել մեր պետությունը, իսկ վարձավճարի փոխարեն մեզ է ուղարկում հարկային հաշիվներն ու տույժերը։

«Երազանքների հայրենիք»՝ առանց սահմանների։ Սեպտեմբերի 21-ին վարչապետն իր ուղերձում նշեց, որ ՀՀ-ն արդեն «մեր երազանքների հայրենիքն է»։ Ճիշտ նույն օրը Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց․ «Տա Աստված՝ վերջնականապես պետական սահմաններ ունենանք»։ Սա իշխանական երգչախմբի ամենադեպրեսիվ դուետն է: Անկախության 35-րդ տարում մեզ առաջարկում են «երազանքի հայրենիք», որի միակ թերությունն այն է, որ դրա սահմանները դեռեւս գոյություն ունեն միայն աղոթքներում։

«Այլեւս կոնֆլիկտ չունենք»։ Սիմոնյանական նոր աշխարհա­գրությունը. ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Այլեւս Հայաստանը կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ»: Իսկ Թուրքիայի հետ սահմանը կբացվի… առաջիկայում: Քաղաքագիտական մտքի գլուխգործոցներ։ Կոնֆլիկտը ոչ թե լուծվել է, այլ… չքացել է։

Եթե Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքներին, դա կոնֆլիկտ չէ, այլ՝ «մշակութային երկխոսություն»։ «Մոտ ապագան» դարձել է իշխանության ամենասիրելի պատսպարանը․ մի տարածք, որտեղ ամեն ինչ կա, բայց որին հասնելն անհնար է, քանի որ «ապագան» միշտ մեկ քայլ առաջ է ընկնում հիմարաբար։

Արցախի քննարկումն ու ՔՊ-ական նրբանկատությունը։ Մի դրվագ գրանցվեց ԱԺ-ում` ՔՊ-ականները լքեցին արցախահայերի խնդիրներին նվիրված քննարկումը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը պատճառաբանեց՝ «…տեսանք, որ սա վերածվել է միջխորհրդարանական հանդիպման, ինչ-որ պաշտոններ էին հնչում»։ Իշխանությունը պատրաստ էր լսել արցախցիների ողբերգության մասին, բայց հենց դահլիճում հնչեց «պաշտոն» բառը, ՔՊ-ական նուրբ հոգեբանությունը չդիմացավ։

Իսկ պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրացրեց պատկերը․ «Կառավարությունն ամեն ինչ անում է»։ Այսինքն՝ եթե խնդիրները չեն լուծվում, ուրեմն դուք վատ եք ներկայացնում կամ հնչեցնում եք արցախցիների «պաշտոնների անունները», որոնք վախեցնում են իշխող ֆրակցիային։

2 տարվա «կարանտինը»։ ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկեց օրենքով արգելել վերջին 2 տարում անունը փոխած կուսակցություններին՝ մասնակցել ընտրություններին, որպեսզի «կնիքներ չվարձակալեն»։ Ժողովրդավարության բաստիոնում նոր չափանիշ է սահմանվում․ եթե կուսակցությունը փոխել է անունը, ուրեմն կասկածելի է։ Իսկ եթե ՔՊ-ն փոխել է իր նախընտրական ծրագրի, խոստումների ու սկզբունքների 100%-ը, բայց պահպանել է անունը, ուրեմն ամեն ինչ օրինական է եւ ազնի՞վ։

Հեռավար պետություն՝ ընդդեմ խցանումների։ COP17 գագաթնաժողովի ընթացքում առաջարկվեց պետական ապարատը տեղափոխել հեռավար աշխատանքի՝ փողոցային խցանումներից խուսափելու համար։ Երեւանում երթեւեկությունը կարգավորելու անկարողությունը վերածվում է պետական ռազմավարության․ եթե խցանում կա, պետությունը քաղաքից պարզապես «էվակուացնում են»։

Մյուս կողմից՝ եթե պաշտոնյաները տանը մնան, հնարավոր է տնտեսությունն ավելի արագ աճի՝ պետական սխալ միջամտության բացակայության շնորհիվ։

Անավարտ սահմանադրության թողարկումը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ հանրությանը կներկայացվի նոր սահմանադրության նախագիծը, բայց շտապեց հանգստացնել՝ «դա վերջնական տարբերակը չէ, մենք ուղղակի կդնենք շրջանառության մեջ»։

Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ Սահմանադրությունը թողարկվում է որպես փորձնական (Early Access) ծրագրակազմ։ Քաղաքացիներին առաջարկվում է ապրել անավարտ օրենքով, իսկ եթե ինչ-որ բան դուր չգա, նախարարությունը սիրով «փոփոխությունների փաթեթ» (update) կուղարկի։

«Ժողովրդի կամքի» միակ արտացոլումը։ Ալեն Սիմոնյան․ «ՔՊ վարչությունը ժողովրդի կամքի արտացոլումն է»։ Սա ժողովրդավարության նորագույն սահմանում է․ այլեւս կարիք չկա ընտրությունների կամ հանրաքվեի։ Եթե ՔՊ վարչությունը նիստ է անում, դա ավտոմատ համարվում է ժողովրդի կամքը։ Ժողովուրդը կարող է չիմանալ իր ցանկությունների մասին, բայց վարչությունն արդեն որոշել է։

Շաբաթը ցույց տվեց՝ աբսուրդը դադարել է լինել պատահականություն կամ վրիպակ։ Դարձել է պաշտոնական լեզու, կառավարման մոդել։ Երբ երկրի ղեկավարությունը «թողարկում է մտածողության մոդելներ», երբ սահմանների գոյությունը թողնված է Աստծո հույսին, իսկ ժողովրդի կամքը որոշվում է կուսակցական վարչության նիստում, մեզ մնում է միայն արձանագրել․ իշխանությունը կառուցել է իր «երազանքների հայրենիքը», որտեղ իրականության հետ որեւէ աղերս ունենալն այլեւս պարտադիր պայման չէ։ Աբսուրդը հաղթել է, կեցցե՛ աբսուրդը։