12/10/2026

EU – Armenia

Պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը՝ ազատ և երջանիկ Հայաստանի տեսլականով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է իրական Հայաստանի գաղափարախոսության մի դրվագով:

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։

Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։

Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Ի՞նչ անել ուրեմն։

Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։

Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։

Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով։

Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով։ Լավ օր բոլորիդ»: