12/10/2026

EU – Armenia

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար

Արցախի կորստի հետևանքով հայ ժողովրդի նյութական հարստության կորուստը կարող է կազմել շուրջ 100 միլիարդ դոլար։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ գնահատականը ցույց է տալիս կորուստների ահռելի չափը, իսկ միայն Արցախի պաշտպանության բանակին հասցված նյութական վնասը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։

«Այո, Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար: Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի»,- ասել է նա:

Էդգար Ղազարյանը քննադատել է իշխանություններին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալու ժամանակ հնչեցրած խոստումները։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարում էր, որ տարիներ շարունակ պետությունը թալանվել է, և ինքն իշխանության է գալիս՝ արդարություն հաստատելու, ապօրինի յուրացված միջոցները վերադարձնելու ու դրանք ժողովրդին ծառայեցնելու նպատակով։

Ղազարյանը հարց է բարձրացրել, թե արդյոք այդ խոստումների մեջ եղել է նաև պետությունը և ժողովրդին նոր պարտքերի տակ դնելու մտադրությունը։

Պատգամավորի քննադատությունը վերաբերում է նաև քննարկվող վարկային միջոցներին, որոնք, նրա գնահատմամբ, լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծելու։ Նա ընդգծել է, որ ծրագրի ներկայացման ընթացքում շահառուների թվում նշվել են արցախահայերը՝ հիշեցնելով, որ նրանց ունեցվածքի կորուստը տեղի է ունեցել Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։

Հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված՝ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու շրջանակում։