Լասկարիդիսի հիմնադրամ · Սուրբ Թարգմանչաց տոն · Հայաստանի անկախության 35-ամյակ
Հարգարժա՛ն պարոն Մազարակիս,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Թույլ տվեք ողջունել ձեզ Լասկարիդիսի հիմնադրամում կազմակերպված՝ հայերեն թարգմանված և հրատարակված հունական գրքերի այս երկար սպասված՝ «Հունաստանը՝ հայերենով» ցուցահանդեսին։
Միջոցառումը նվիրված է Սուրբ Թարգմանչաց տոնին և անցկացվում է Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարությունների շրջանակում։
Այս տոնը նվիրված է Հայ առաքելական եկեղեցու սրբերի և գրականության գործիչների այն խմբին, որոնք ստեղծեցին հայոց այբուբենը, թարգմանեցին Աստվածաշունչը և սկիզբ դրեցին հայերենով կարևոր աշխատությունների ստեղծման ու թարգմանության լայնածավալ շարժմանը։
Այս միջոցառումն ինձ համար առանձնահատուկ հուզական նշանակություն ունի։
Նախ՝ Լասկարիդիսի հիմնադրամի և նրա իրականացրած հիանալի աշխատանքի մասին դեռ տարիներ առաջ լսել էի իմ հայ բարեկամ Արթուր Բաբայանից, որը ժամանակին աշխատել է այստեղ և միշտ մեծ գնահատանքով է խոսել այս հաստատության մասին։ Հունաստան ժամանելուց հետո անձամբ համոզվեցի նրա խոսքերի ճշմարտացիության մեջ։
Ինչպես նշեցի, սա երկար սպասված միջոցառում է, քանի որ Հայաստանի դեսպանությունը Մատենադարանի հետ համատեղ դեռևս 2022 թվականից ծրագրում էր կազմակերպել նման ցուցահանդես, սակայն տարբեր պատճառներով այն հետաձգվում էր։
Աստվածաշնչից հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հին հունարենում՝ «Τοῦ γνῶναι σοφίαν καὶ παιδείαν, νοῆσαί τε λόγους φρονήσεως»։
Այս խոսքերը վերցված են Առակաց գրքից և նշանակում են՝ ճանաչել իմաստությունն ու խրատը, հասկանալ հանճարեղ խոսքերը։
Սուրբ Աստվածաշունչը հին հունարենից հայերեն թարգմանված առաջին գիրքն էր։
Իրականում այս նախադասությունն արտահայտում է մի աշխարհայացք, որը լիովին համահունչ է հին հունականnփիլիսոփայական դպրոցների ուսմունքներին։ Գիտելիք ձեռք բերելու համար մարդու անձնական ջանքերի կարևորումը, անշուշտ, բավականին արիստոտելյան մոտեցում է։
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը որոշել է Աստվածաշնչի թարգմանությունը սկսել հենց այս հատվածից։ V-րդ դարի սկզբին հրատապ անհրաժեշտություն կար անդրադառնալու մարդկային առօրյա կյանքի գրեթե բոլոր հարցերին՝ գիտելիքի ձեռքբերումից մինչև ընտանեկան հարաբերություններ, հայրենասիրությունից մինչև
աշխատասիրություն, ագահությունից մինչև արդարություն և խաղաղություն։ Այս խոսքերն ունեն նաև որոշակի դաստիարակչական նշանակություն։
Այսպե´ս Հայաստանում սկիզբ առավ թարգմանական ավանդույթը։ Հենց այս պատճառով էլ մենք դիմեցինք Աթենքի Բենակիի թանգարանին՝ խնդրելով Լասկարիդիսի հիմնադրամին ցուցահանդեսի բացման համար տրամադրել թանգարանում պահվող հայկական երկու սուրբ գրքերից մեկը։
Ուրախ ենք, որ այս միջոցառման համար տրամադրվել է Վանքի ուղղափառ հայերի՝ 1787 թվականի ձեռագիր Ավետարանը։ Այս ձեռագիրն իրականում վկայում է XVIII-րդ դարում հայերի և հույների միջև գոյություն ունեցած սերտ կապերի մասին։ Ավետարանը գրվել և նկարազարդվել է Կամարակապ գյուղի Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Հովհաննես Տեր-Հարությունյանի կողմից։ Այն պարունակում է չորս ավետարանիչների պատկերները, ինչպես նաև
բազմաթիվ զարդանախշեր։ Ձեռագիրն ունի ոսկեզօծ արծաթե կազմ, որը պատրաստվել է Պոնտոսի Արգիրուպոլիս քաղաքի հույն վարպետների կողմից։ Կազմի արձանագրությունը և ձեռագրի հիշատակարանը արժեքավոր աղբյուրներ են ուղղափառ հայերի պատմության ուսումնասիրության համար։
Ձեռագրի բովանդակությունը համապատասխանում է հունական ավանդույթին։ Դրա տեքստը Ավետարանի բյուզանդական խմբագրության հայերեն տարբերակն է։
Սիրելի՛ բարեկամներ,
Պատմության ընթացքում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, մի քանի տասնյակ, անկասկած՝ մի քանի հարյուր հույն հեղինակների ստեղծագործություններ թարգմանվել և հրատարակվել են հայերեն։ Այսօրվա ցուցահանդեսի համար տարածքի սահմանափակության պատճառով ընտրվել են դրանցից ընդամենը 38-ը։ Սակայն ընտրված գրքերը ներկայացնում են հունական գրականության նկատմամբ հայերի հետաքրքրությունների ընդգրկումը, թեմատիկ
բազմազանությունն ու ժամանակագրական զարգացումը՝ ընդգրկելով ավելի քան 1600 տարվա թարգմանական ավանդույթը։
Այդ հետաքրքրությունները չափազանց լայն են և համապարփակ՝ անտիկ հեղինակներից մինչև բյուզանդական տեքստեր, ապա՝ XX և XXI դարերի գրականության ներկայացուցիչներ։
Երկու շաբաթ առաջ մենք Աթենքի ակադեմիայում կազմակերպեցինք Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Քաուի դասախոսությունը՝ «Հունական պաեդեայի ազդեցությունը ուշ անտիկ շրջանում Հայաստանում բարձրագույն կրթության ձևավորման վրա» թեմայով։
Երեք օր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ելույթ ունենալով Ակրոպոլիսից, դիպուկ ամփոփեց այն հատկանիշները, որոնք հունական կրթությունը փոխանցել է հաջորդ սերունդներին։
Նա ասաց. «Այստեղ՝ Աթենքում, առաջին անգամ լիարժեք դրսևորվեցին բոլոր այն էական հատկանիշները, որոնք հետագայում բնորոշելու էին Արևմուտքը՝ ընդգծված անհատականությունն ու անսպառ ձգտումները, համարձակ փնտրտուքները ու գյուտերը, բացահայտումների, արկածների, ռիսկի և փառքի ձգտումը։ Աշխարհի և այն կառավարող սկզբունքների նկատմամբ անհագ հետաքրքրասիրությունը, բնության առեղծվածները ճանաչելու և տիեզերքի գաղտնիքները բացահայտելու տենչը։ Անհնարինության գաղափարի հետ չհաշտվելու անհամբերությունը, բոլոր սահմանափակումներն ու սահմանները հաղթահարելու և անհայտի խորքերը թափանցելու ձգտումը»։
Իրականում այս բոլոր գաղափարներն արդեն իսկ առկա են հունական գրականության առաջին մեծ ստեղծագործություններում՝ Հոմերոսի «Իլիականում» և «Ոդիսականում»։ Մի անգամ հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին, թե որ երկու գրքերը կվերցնեի ինձ հետ անապարհորդության մեկնելիս, եթե ստիպված լինեի ընտրություն կատարել։ Իմ պատասխանը հետևյալն էր՝ Աստվածաշունչը և Հոմերոսի երկու ստեղծագործությունները։ Իրականում դրանք ինձ ուղեկցել են նաև կյանքիս ամենադժվար ժամանակաշրջաններից մեկի ընթացքում։
Վերոնշյալ՝ անհնարինության գաղափարի հետ չհաշտվելու ձգտումը, իմաստության ընկալումը ոչ թե որպես կուտակված տեղեկությունների ամբողջություն, այլ որպես առօրյա կյանքի և մեր գործողությունների իմաստի գործնական վերլուծություն, ինչի վրա Պյութագորասն է հատուկ շեշտադրում կատարել, ինչպես նաև դրանցից բխող համեստությունը, այս աղբյուրներում ամրագրված առանցքային գաղափարներից են։
Եվ ես շատ ուրախ եմ, որ այստեղ ներկայացնում ենք Հոմերոսի ստեղծագործությունների երեք տարբեր թարգմանություններ։ Դրանցից վերջինն իրականացրել են Հայաստանից ժամանած իմ սիրելի բարեկամներն ու հյուրերը՝ Մատենադարանի անվանի գիտնականներ, դոկտոր Արամ Թոփչյանը և այսօրվա ցուցահանդեսի համակարգողներից, դոկտոր Գոհար Մուրադյանը։ Այս ամուսնական զույգը կատարել է ավելին, քան երբեմն կարող էին իրականացնել ամբողջական
հաստատություններ՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում թարգմանելով հունական և հռոմեական գրականության կարևորագույն ստեղծագործությունները։
Նրանց ներկայությունն այս միջոցառմանը խորհրդանշական է նաև մեկ այլ պատճառով․ նրանք անկախ Հայաստանի թարգմանիչներն են։ Մենք Արամ Թոփչյանի հետ հաճախ ենք քննարկում Հոմերոսին և հոմերոսյան ավանդույթները։ Նա մի անգամ նշել է, որ յուրաքանչյուր սերունդ Հոմերոսի իր թարգմանությունների կարիքն ունի։ Ահա´ և նրանք, մեր սերունդի Հոմերոսի
հայերեն թարգամանողները։
Նույնքան ուրախ եմ, որ այսօր մեզ հետ է նաև Շամրիկ Խաչատրյանը՝ Սալոնիկից ժամանած չափազանց համեստ և տաղանդավոր մի կին, որը հսկայական աշխատանք է կատարել՝ թարգմանելով XX դարի հունական գրականության կարևորագույն ստեղծագործությունները, հատկապես Նիկոզ Կազանձակիսին և հատուկ ժամանել է Աթենք՝ մեզ հետ մասնակցելու այս միջոցառմանը։
Հունական գրական և փիլիսոփայական մտքի անթրոպոցենտրիզմը՝ մարդակենտրոնությունն առավել ամբողջական արտահայտություն, թերևս, ոչ մի այլ տեղ չի գտել, որքան Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգության մեջ, որտեղ ասվում է. Սոֆոկլես, «Անտիգոնե», մ.թ.ա. մոտ 441 թ., տողեր 332–369։ Թարգմանությունը՝ Էլիզաբեթ Ուայքոֆի անգլերեն տարբերակից։
Հայերեն /թարգմ․՝ Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի/ հրատարակությունից՝ «Անտիգոնե», (էջեր 225–227).
«Բյուր հրաշքներ կան աշխարհում,
Մարդն է, սակայն, հրաշքն անհաս։
Կտրում է նա ծովն ալեկոծ,
Երբ փչում է հողմը հուժկու
Եվ հորձանքը՝ թնդում սաստիկ։
Հալումաշ է անում անգամ
Աստվածներից հնագույնին՝
Երկրին անխոնջ և անվախճան,
Վարում նրան տարեցտարի՝
Իր գութանին ձիեր լծած։
Երամն անխելք թռչունների,
Գազաններին անձեռնհասուն,
Վտառները խորունք ծովի
Որսում է նա, տանում իր հետ,
Նրանց համար հյուսկեն թակարդ
Ունի մարդը ճարտարամիտ։
Իշխում է իր հնարքներով
Նա կենդանուն լեռնաբնակ,
Զսպում սարի համառ ցուլին,
Իսկ թավաբաշ ձիուն՝ լծում։
Սովորել է նա բարբառել,
Մտքով սուրալ քամու նման,
Օրենքներ տալ քաղաքներին։
Խուսափում է բազմահնար
Մարդը ցրտից անհյուրընկալ,
Բաց երկնքի տակ պաշտպանվում
Հորդ անձրևի սլաքներից։
Ապագայի դեմ նա ունի
Ամեն միջոց․ լոկ Հադեսից
Անկարող է պուսանավել,
Թեպետ անհույս ախտերն անգամ
Գիտե բուժել իր դեղերով։
Բայց իր խելքով, ճարտարությամբ,
Որ թվում է անկարելի,
Մե´րթ չարության, մե´րթ բարության
Հակում ունի — եթե հարգի
Նա օրենքներն իր հայրենի,
Նեցուկ լինի արդարության,
Որ ուխտել է աստվածներին,
Իր քաղաքը կզորացնի,
Իսկ ով, հանուն հանդգնության,
Մերք է գործում, նա քաղաքից
Զուրկ կմնա, չի գա իմ տուն
Եվ չի լինի ինձ համախոհ»։
Կատարելապես՝ հունական, կատարելապես՝ մարդկային։
Հունական մտքի, պատմության և գրականության նկատմամբ իմ վերաբերմունքն ունի նաև մեկ այլ։ Իմ գրադարանի ամենափայփայված գրքերից մեկը Պլուտարքոսի «Ընտիր երկերի» հայերեն թարգմանությունն է։ Այն հրատարակվել է 1987 թվականին, երբ ես ընդամենը ինը տարեկան էի, այստեղ ներկա իմ դստեր տարիքին և, բացի նրա «Բարոյախոսական երկերից» որոշ հատվածներից, ներառում է վեց հույն և հռոմեացի գործիչների կենսագրությունները։
Այս չափազանց կարևոր գրքի թարգմանիչն իմ պապն էր։ Գրքի սկզբում՝ ընծայական էջում, նա գրել էր, որ այն նվիրում է ապագա պատմաբանին կամ դիվանագետին։ Իրականությունն այն է, որ Պլուտարքոսի կենսագրությունները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ես շարունակեցի զբաղվել անտիկ պատմության ուսումնասիրությամբ և, ի վերջո, դարձա և՛ պատմաբան, և՛ դիվանագետ։ Ցավոք, այդ գիրքը հնարավոր չէր ընդգրկել այս ցուցահանդեսում, քանի
որ այն թարգմանվել էր ռուսերենից։
Նախորդ սերնդի թարգմանիչներից կցանկանայի առանձնացնել Սիմոն Կրկյաշարյանին, որի թարգմանություններից մի քանիսը, այդ թվում՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի աշխատությունները, ներկայացված են այստեղ։
Կցանկանայի հիշատակել նաև բյուզանդագետ, գիտնական և թարգմանիչ Հրաչ Բարթիկյանին, որի ծննդյան 100-ամյակը շուտով կնշվի։ Այս երկու գործիչներն էլ ծնվել են Աթենքում, հետագայում ապրել Հայաստանում և էական ներդրում ունեցել Հայաստանում հունագիտության զարգացման գործում՝ ոչ միայն թարգմանական, այլև գիտական գործունեությամբ։
Այստեղ ներկայացված է նաև իմ՝ անտիկ պատմության ուսուցիչ, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի կատարած Պլոտինոսի թարգմանությունը։
Սիրելի´ ներկաներ,
Այժմ գուցե հարց առաջանա, թե ինչ կապ ունի Հայաստանի անկախության տոնակատարությունը հունարենից թարգմանված գրքերի հետ։ XX-րդ դարի կեսերին ամերիկացի մտածողներից մեկը հայտնի ձևակերպում է արել՝ «Գաղափարներն ունեն հետևանքներ»։
Դասական, անտիկ շրջանում ձևավորված հունական գաղափարները նոր կյանք ստացան Լուսավորության դարաշրջանում, իրենց արտացոլումը գտան ամերիկյան և ֆրանսիական հեղափոխություններում, ապա՝ Հունաստանի անկախության համար մղված պայքարում։ Այս գաղափարները անուղղակիորեն դարձան XIX և XX դարերի անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման շարժիչ ուժերից մեկը։
Ամփոփելով՝ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր թարգմանիչներին, որոնք տարբեր լեզուներով գաղափարների փոխանցման միջոցով կամրջում են ժողովուրդներին, և ևս մեկ անգամ ընդգծել, որ այս ցուցահանդեսը նվիրված է նրանց բոլորին։ Ցուցահանդեսն ընդգծում է հունական տեքստերի կարևոր տեղը հայկական կրթության մեջ և ևս մեկ անգամ
ներկայացնում հայերի ու հույների դարավոր մտերմությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լասկարիդիսի հիմնադրամին և Մատենադարանին՝ ցուցահանդեսի հիանալի
կազմակերպման համար, ինչպես նաև բոլորիդ՝ այսօր մեզ հետ լինելու համար։
Շնորհակալություն։

Բաց մի թողեք
Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան
Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ. Լուսանկարներ