12/10/2026

EU – Armenia

«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում միջազգային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է փաստաթղթի խորհրդարան ներկայացնելու ժամկետներն ու գործընթացի կազմակերպումը։

Պատգամավորը հարցն ուղղել է հիմնական զեկուցողին՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանին՝ դժգոհություն հայտնելով, որ համաձայնագիրը խորհրդարան է ներկայացվել վերջին պահին՝ արտահերթ ընթացակարգով։

Մանուկյանը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է դեռևս 2025 թվականին, իսկ դրա ամբողջացման աշխատանքներն ավարտվել են հուլիսին։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է վավերացման հարցը բարձրացվել միայն վերջին պահին՝ անհրաժեշտություն առաջացնելով արտահերթ նիստ հրավիրելու։

Պատգամավորը նաև հարցականի տակ է դրել պատասխանատու գերատեսչության և կառավարության աշխատանքի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ նման գործելաոճն անընդունելի է։

Ի պատասխան՝ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը պարզաբանել է, որ համաձայնագրի ամբողջացման աշխատանքների ավարտից անմիջապես հետո սկսվել է դրա վավերացման գործընթացը։ Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը կապված չէ Հայաստանի կողմից որևէ ուշացման կամ պարտավորությունների չկատարման հետ։

Սակայն այս պարզաբանումը չի փոխել պատգամավորի դիրքորոշումը։ Գեղամ Մանուկյանը կրկին ընդգծել է, որ խնդիրը աշխատանքի կազմակերպման ձևն է՝ նշելով, որ պետական կառույցները չպետք է այսպիսի մոտեցմամբ աշխատեն։

Քննարկման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրն էր, որը վերաբերում է կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացմանը։