ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ որևէ պահանջ չեն ունենալու»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը խոսել է նաև անկլավների մասին՝ նշելով, որ այդ թեման պետք է փոխադարձաբար փակվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո:
«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։ TRIPP նախագծի շրջանակում և ոչ միայն բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում:
«Ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Կարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ հաջորդ և ամենակարևոր հարցը՝ արդյոք կա՞ իրական հնարավորություն՝ խաղաղությանը այսպիսի տեսք տալու։
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով։

Բաց մի թողեք
Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները. Լուսանկարներ
Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը. Լուսանկար
Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ