Աշնանային իր ճղճիմ քաղաքական օրակարգը մի քիչ բազմազանեցնելու ու դրան մի քիչ էքստրիմ հաղորդելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գտել է ձևը՝ սևեռվել է առաջիկայում ՀՀ-ում տեղի ունենալիք մեգամիջոցառման՝ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի (СOP 17) համաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա և, ուշադրություն, «վնիմանիե»՝ «կոռուպցիայի ռիսկ» հայտնաբերել։
«Կոռուպցիայի ռիսկ» մի միջոցառման կազմակերպչական աշխատանքներում, որը տեղի է ունեցել, ուշադրություն, «վնիմանիե»՝ դրա շահառու-պատվիրատուի՝ ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ ու գնահատմամբ՝ այդ կազմակերպության սահմանած չափանիշներին ու պահանջներին համապատասխան։
Հայաստանը, նշենք, այս խոշորամասշտաբ միջոցառումը հյուրընկալող երկիրն է և, հարկավ, պետք է ըստ պատշաճի հոգար դրա անցկացման հետ կապված ծախսերը։ Եվ ահա այդ՝ «ըստ պատշաճիի» մեջ «ուժեղաց տիկնայք» փնտրել ու գտել են անպատշաճ բաներ, որոնց մասին աղաղակեցին նախօրեին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգում էլ COP-ի մասին կոնվենցիային առնչվող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն էր։
Անդրադառնալով միջոցառման կազմակերպման՝ որոշ ուղղությունների համար անցկացված գնումներին և դրանց արդյունքում կնքված պայմանագրերին՝ տիկնայք ազդարարեցին՝ կառավարությունը մեկ անձից գնումներ է կատարել, ափռ-ցփռ է ծախսել միջոցառման համար նախատեսված՝ պետբյուջեից հատկացված միջոցները, ինչից իրենց նուրբ քթիկները կոռուպցիայի հոտ են առել։
«Ուժեղ» տիկնանցից մեկը՝ Լիանա Մանուկյանը, օրինակ, ԱԺ ամբիոնին էր մոտեցել կոռուպցիան ու վատնումը խորհրդանշող իրերի «բոխչայով»՝ թերմոս, «բեյջի»՝ անցագրի համար նախատեսված ժապավեն, կտորե տոպրակ և այլն։ Խմբակցության «համար 1» հաշվապահ, ֆինանսիստ, աուդիտոր տիկինը, ցուցադրելով հիշյալ իրերը, կիսվեց տեղական շուկայում իր մեկօրյա «շոփինգի», ավելի ճիշտ՝ մոնիտորինգի արդյունքներով։
Այն է՝ միջոցառման պայմանագրերից մեկով նախատեսված գնման առարկա (մասնավորապես վերոթվարկյալ) ապրանքները շուկայում վաճառվում են մի քանի անգամ էժան՝ 20-25 տոկոս ցածր գնով, քան պայմանագրում նշված գինն է, որոշ ապրանքատեսակների մասով էլ գները եղել են ուռճացված։ Ասել կուզի՝ շրջակա միջավայրի նախարարությունը, որն էլ հայտարարել է գնումները, էժան ապրանքները թանկով է «նաղդել» միջոցառման շահառուների վրա՝ այսպիսով հարուցելով կոռուպցիոն ռիսկ։
Տիկնոջ ու նրա մյուս գործընկերուհիների՝ միջոցառման պայմանագրերին առնչվող «սկանդալային» բացահայտումները, նկատենք, ոգևորել էին խմբակցության անդամ որոշ տղամարդկանց, մասնավորապես խմբակցության ղեկավարին ու քարտուղարին, որոնք հիացական հայացքով էին հետևում իրենց գործընկերուհիների՝ այս իշխանության «կոռուպցիոն էությունն» ու «վատնող վարքագիծը» բացահայտող ելույթներին։
Տիկնայք էլ, երևի ներշնչված իրենց տղամարդ գործընկերների այս հիացական վերաբերմունքից, որոշել էին երկարաձգել «հիացքի էֆեկտն» ու նախօրեին ԱԺ ամբիոնից ունեցած իրենց ելույթները «վերաունենալ» այլ՝ ասուլիս հրավիրելով։ Նկատենք, սակայն, որ շրջակա միջավայրի նախարարությունը դեռ նախօրեին՝ ԱԺ նիստից հետո արձագանքել էր վերոհիշյալ պատգամավորների մանիպուլյատիվ հայտարարություններին՝ մասնավորապես ընդգծելով, որ «COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»։
Նախարարությունը, բացի դրանից, նշել էր նաև, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։
Ասել կուզի՝ COP-ի միջոցառման համար ծախսված յուրաքանչյուր «կոպեկի» վրա իբրև թե դողացող «ուժեղաց տիկնայք» «կոռուպցիայի ռիսկ» են տեսել միջազգային աշխարհահռչակ կազմակերպության՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների գործողություններում՝ այդ կազմակերպությանը փաստացի մեղադրելով ենթադրյալ հանցագործության մեջ։
Իրականում, սակայն, այս աղմուկը, բացի էժանագին պոպուլիզմից և միջազգային մեծ ռեզոնանս առաջացնող միջոցառման վրա ստվեր գցելուց, ևս մեկ գերխնդիր ունի՝ գցել նման կարևոր միջոցառումը հյուրընկալող պետության կառավարող ուժի հեղինակությունը միջազգային գործընկերների աչքում՝ փորձելով ցույց տալ, որ ՀՀ-ն տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը։ Նշենք, որ ս.թ. օգոստոսին Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) առաջընթաց էր արձանագրել վերջին երկու տարիների ընթացքում գործադիր իշխանության և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ու բարեվարքության խթանման ուղղությամբ: Կառույցը մասնավորապես ողջունել էր արարողակարգային ծախսերի հետ կապված գնումների գործընթացների թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը։
Հ.Գ. Երբ Լիանա Մանուկյանը թերմոսը, «բեյջի» թելն ու մյուս առարկաները ձեռքին մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ դեժավյու ապրեցինք։ Տարիներ առաջ էլ, երբ Մանուկյանի կուսղեկի՝ Սամվել Կարապետյանի հետ «քիփ» հարաբերություններ ունեցող Սերժ Սարգսյանն էր նախագահում, ՈՒՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայրն էլ՝ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ-ական պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու ցույց տալիս սերժսարգսյանական իշխանության կոռումպացվածության, պետական գնումներում առկա խոշոր չարաշահումների, բյուջեի փոշիացման, «ատկատների» խորհրդանիշն ու «իրեղեն ապացույցը»՝ շուկայականից մի քանի անգամ թանկ գնված մալուխը։ ՎՊ նախագահը, հիշեցնենք, նշել էր, որ խանութներում այդ մալուխի մեկ մետրն արժե ընդամենը 110 դրամ, սակայն պետական բյուջեի նախահաշիվներում և կատարողական ակտերում այն ձևակերպվել է մոտ 30 անգամ թանկ գնով։
Ի դեպ, այդ գերթանկարժեք «կաբելը» ձեռք էր բերվել ոչ թե միջազգային նշանակության միջոցառման կազմակերպման նպատակով, այլ դատարաններից մեկի շինարարության մեջ օգտագործվելու համար։ Կոնստրուկտիվ առաջարկ Լիանա Մանուկյանին ու հակակոռուպցիոն արշավի պիոներ դարձած նրա մյուս գործընկերուհիներին՝ ուսումնասիրել գնումների արխիվն ու նախկին իշխանության օրոք բյուջեի միջոցների մսխման մասշտաբներն ու դատապարտող ելույթներով հանդես գալ ԱԺ ամբիոնից։ Չէ՞ որ հարկատուներիս վճարած հարկերի մսխումը՝ որպես այլանդակ, քստմնելի երևույթ, չունի ներում-բեկում ու վաղեմության ժամկետ։

Բաց մի թողեք
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան
Մտորումներ՝ Թրամփի «Զանգեզուրի միջանցքին» սպասելիս
ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն