Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։
Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։
Քննարկվել են այլ օրակարգային հարցեր։
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։
Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Իշխանությունները փորձում են այդ պաշտոնում նշանակել այնպիսի անձի, որը կկարողանա Կոտայքում հոկտեմբեր-նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում արդյունավետ վերահսկողություն իրականացնել և իշխանություններին տեղում առկա իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ փոխանցել։
Լիլիթ Ստեփանյանը մինչև պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ունի նաև դասախոսական գործունեության և երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ։
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստում։
Թե ինչն է եղել կուսակցությունից հեռացնելու պատճառը, դեռևս պաշտոնապես չի հաղորդվել։ Հատկանշական է, որ Ստեփանյանի անունը վերջին տարիներին հայտնվել է նաև քրեական գործի և համայնքային բյուջեից վճարումներ ստանալու վերաբերյալ հրապարակումների համատեքստում։ Արթուր Ստեփանյանը մեղադրվում է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար։
Քրեական գործը վերաբերում է Եղեգիս համայնքի յոթ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ըստ վարույթի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների՝ պետական և համայնքային միջոցներով իրականացված՝ շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի ընթացքում նոր խողովակների փոխարեն հին խողովակներ են տեղադրվել, իսկ համայնքին պատճառված վնասը գնահատվել է շուրջ 25 միլիոն դրամ։

Բաց մի թողեք
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի
Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման