20/10/2026

EU – Armenia

Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում․ Լուսանկար

Հոկտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին։ Նրա եւ Ռոման Ավագյանի մասնակցությամբ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նախաքննությունն ավարտվել է մի քանի շաբաթում։

Հրապարակ թերթը գրել է․ Արթուր Օհանյանը Վանաձորի քաղաքական դաշտում նոր դեմք չէ։ Նա տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքային քաղաքականության մեջ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմից է եղել։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով եւ նախընտրական շրջանում ակտիվ քարոզարշավ իրականացրել Վանաձորում։ Օհանյանը ձերբակալվել էր նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Ըստ մեղադրանքի՝ 2026 թվականի մայիսի սկզբին Արթուր Օհանյանը, լինելով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու եւ Վանաձորի շտաբի ղեկավար, դաշինքի գրասենյակում հանդիպել է Ռոման Ավագյանին եւ խոստացել ընտրություններում դաշինքի հաղթանակի դեպքում նրան ու քրոջը՝ Մարիամ Ավագյանին, պաշտոնների նշանակել։ Դրա դիմաց Ավագյանը եւ նրա մերձավորները պետք է մասնակցեին ընտրություններին եւ քվեարկեին «Հայաստան» դաշինքի օգտին։ Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ավագյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Ռոման Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի խոստումն ընդունելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա առաջարկել է իր աջակցությունն ընտրություններում, ապա ընդունել է պաշտոնների նշանակելու խոստումը՝ գիտակցելով, որ այն պայմանավորված է իր եւ մերձավորների՝ դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքով։

Արթուր Օհանյանի պաշտպան Արա Կարապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքին, այն անհիմն համարեց․ «Մեղադրանքի հետ համաձայն չեմ, դա մեղադրանքի հետ առնչություն չունի եւ չի բխում թե՛ իրականությունից, թե՛ վարույթի նյութերից։ Սա իմ օբյեկտիվ կարծիքն է, եւ ես վստահ եմ, որ արդարադատություն կիրականացվի, եւ Արթուր Օհանյանը կհռչակվի անմեղ»։

\Արա Կարապետյանի խոսքով՝ գործով Արթուր Օհանյանի մեղքն ապացուցող որեւէ ձայնագրություն չկա․ «Մեղադրանքում ասվում է, թե խոստացել է թաղապետի պաշտոն, բայց Վանաձորում թաղապետի պաշտոն չկա, կա համատիրության նախագահ, այն էլ ընտրում են բնակիչները։ Ռոման Ավագյանը, կարծում եմ, դատարանում կտա համապատասխան ցուցմունք»։

Փաստաբանի խոսքից, ըստ էության, հետեւում է, որ գործով Արթուր Օհանյանի դեմ առկա միակ ապացույցը Ռոման Ավագյանի ցուցմունքն է, այլ ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրություն, չկան։ Պաշտպանը հայտնեց նաեւ, որ կալանավորման որոշումը չի բողոքարկել։ Նրա խոսքով՝ խափանման միջոցի հարցը քննարկվելու է նախնական դատալսումների ընթացքում։ «Գործն ուղարկվեց դատարան, Վճռաբեկ դատարանը նախադեպ ունի, հետեւաբար՝ նախնական դատալսումների փուլում կքննարկվի խափանման միջոցի հարցը։ Վերաքննիչն էլ, վստահ եմ, այն թողելու էր առանց քննության»։

«Հրապարակ». Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում