20/10/2026

EU – Armenia

Յուշչենկոյի նամակը Թրամփին՝ Հայաստանի նախկին նախագահների վարքագիծը գնահատելու համար

Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն բաց նամակով դիմել է Դոնալդ Թրամփին։ Պատերազմի ծանրագույն օրերին, երբ Վաշինգտոնից Կիևին ուղղված ճնշումը մեծանում է, իսկ Ռուսաստանի հետ գործարքների հեռանկարը սպառնում է խարխլել ուկրաինական դիմադրության միջազգային հենարանները, նախկին նախագահը ստանձնել է իր երկրի շահերը պաշտպանելու քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը։

Նա գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական համախոհը չէ։ Ունի իր վերապահումները, անցյալի քաղաքական հակասություններն ու սեփական պատկերացումները երկրի կառավարման վերաբերյալ։ Սակայն Ուկրաինայի գոյության համար վճռորոշ պահին այդ ամենը երկրորդական է դարձել։ Յուշչենկոն հիշեցրել է Թրամփին 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի, Ուկրաինայի միջուկային զինաթափման դիմաց ստանձնված պարտավորությունների և Ռուսաստանի ագրեսիայի հետևանքների մասին։ Յուշչենկոյի նամակում մի կարևոր զգուշացում կա. Ուկրաինային պարտադրված զիջումները խաղաղություն չեն ապահովի։ Դրանք Մոսկվայում կընկալվեն որպես ուժի կիրառմամբ սեփական կամքը թելադրելու իրավունքի հաստատում։

Նամակի ամենաուժեղ հատվածներից մեկը վերաբերում է ռուսական էներգակիրների առևտրին։ Յուշչենկոն հիշեցնում է՝ ռուսական վառելիքի դիմաց վճարվող գումարները սնուցում են պատերազմական տնտեսությունը։ Կրեմլի ռազմական մեքենան ֆինանսավորման աղբյուրներից զրկելը Ուկրաինայի պաշտպանության անբաժանելի մասն է։ Հիշեցնելով Պերլ Հարբորի ողբերգությունը՝ Յուշչենկոն զգուշացնում է Թրամփին. ագրեսորի հետ տնտեսական գործարքներով խաղաղություն պահպանելու հույսը կարող է շատ ավելի ծանր պատերազմի հանգեցնել։

Յուշչենկոյի նամակն արժե կարդալ նաև Հայաստանում։ Այն նախկին նախագահի պետական վարքագծի հազվադեպ, բայց չափազանց կարևոր օրինակ է։ Մարդը կարող է այլևս իշխանություն չունենալ, անհաշտ լինել գործող կառավարության հետ, հավակնել քաղաքական վերադարձի։ Հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվությունը, սակայն, պաշտոնավարման ժամկետ չունի։

Յուշչենկոյի այս քայլը հատկապես սուր է ընդգծում Հայաստանի նախկին նախագահների վարքագիծը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ուներ երեք նախկին նախագահ։ Երեքն էլ երկար տարիների անձնական ու քաղաքական կապեր էին ունեցել Մոսկվայի հետ։ Նրանցից առնվազն երկուսը Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար վաղեմի և մտերիմ գործընկերներ էին։ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին անձամբ է շնորհավորում ծննդյան տարեդարձերի առթիվ, Քոչարյանի հետ հարաբերություններն առանձնանում են հրապարակայնորեն ընդգծվող մտերմությամբ։

Այդ կապերի քաղաքական արժեքը ստուգելու պահը Հայաստանի ու Արցախի դեմ մահաբեր պատերազմն էր։ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը պատերազմի ընթացքում ձեռնպահ էր մնում վճռական միջամտությունից։ Թուրքիայի, Պակիստանի, Սիրիայի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական բանակը հարձակվել էր Արցախի վրա, հայկական կողմն ամեն օր նոր մարդկային ու տարածքային կորուստներ էր կրում։ Մոսկվան ուներ պատերազմի ընթացքի վրա ազդելու բացառիկ հնարավորություն։

Պատերազմի այդ օրհասական օրերին Հայաստանի նախկին նախագահներից որևէ մեկի՝ Պուտինին ուղղված հրապարակային դիմումը կարող էր քաղաքական լուրջ ճնշում գործադրել Մոսկվայի վրա և ծառայել Հայաստանի կենսական շահերին։ Նրանք կարող էին գործի դնել անձնական կապերը, պահանջել դաշնակցային պարտավորությունների կատարում, միջազգային հանրությանը ներկայացնել Ռուսաստանի պատասխանատվությունը։ Կարող էին իրենց ամբողջ քաղաքական հեղինակությունը ներդնել Հայաստանի պաշտպանության գործում։

Այդպիսի նախաձեռնություն այդպես էլ չեղավ։ Հետպատերազմյան տարիներին նախկին իշխանական համակարգի զգալի հատվածը շարունակեց պաշտպանել Մոսկվայի քաղաքական շահերը։ Պարտությունը դարձավ ներքաղաքական պայքարի հիմնական զենքը, իսկ պատերազմում Ռուսաստանի իրական դերի և պատասխանատվության հարցը հետևողականորեն դուրս մղվեց քաղաքական օրակարգից։

Յուշչենկոյի այս քայլը Հայաստանի նախկին նախագահների վարքագիծը գնահատելու համար ցավոտ, բայց խոսուն զուգահեռ է ստեղծում։ Յուշչենկոն դիմում է Ուկրաինայի գլխավոր գործընկերոջը՝ հիշեցնելով նրա պատասխանատվությունն իր երկրի անվտանգության հանդեպ։ Հայաստանի նախկին նախագահներն այդպես էլ իրենց մոսկովյան կապերը չծառայեցրին ազգային շահերի պաշտպանությանը։ Նրանց քաղաքական շրջապատում մինչ օրս ավելի հաճախ արդարացվում է Կրեմլի քաղաքականությունը, իսկ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի պատասխանատվության հարցը հետևողականորեն շրջանցվում է։

Սա Հայաստանի քաղաքական համակարգի տասնամյակների հիվանդության հետևանքն է։ Տարիներ շարունակ Հայաստանի անվտանգությունը կապել էին Մոսկվայի բարեհաճության հետ, իսկ Ռուսաստանի ղեկավարների հետ անձնական մտերմությունը ներկայացնում էին որպես պետականության ամուր հենարան։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց այդ քաղաքականության իրական գինը։ Վճռական պահին Հայաստանի անվտանգությունը զոհաբերվեց Մոսկվայի աշխարհաքաղաքական հաշվարկներին՝ ի ցույց դնելով ռուսական երաշխիքների իրական արժեքը։

Յուշչենկոն անձնական ու քաղաքական տարաձայնությունները մի կողմ է դրել և իր հեղինակությունը ծառայեցնում է Ուկրաինայի պաշտպանությանը։ Նա Վաշինգտոնից պահանջում է հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և չգնալ Մոսկվայի հետ այնպիսի գործարքի, որի գինը Ուկրաինան ստիպված կլինի վճարել սերունդներով։

Հայաստանի նախկին նախագահները նույնպես պարտավոր են իրենց փորձը, հեղինակությունն ու միջազգային կապերը ծառայեցնել պետության շահերին։ Նախագահի պաշտոնը ժամանակավոր է, երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը՝ ցմահ։

2020 թվականի 44 օրերը մեր նախկին նախագահների մոսկովյան կապերի ամենադաժան փորձությունն էին։ Այդ օրերին պարզ դարձավ նաև Հայաստանի քաղաքական վերնախավի մի ամբողջ սերնդի մտածողության ու հավատարմությունների իրական արժեքը։ Պատմության դատաստանն անխուսափելի է. հայրենիքի համար օրհասական պահին ո՞ւմ կողքին էիր կանգնած՝ սեփական պետությա՞ն, թե՞ օտար հովանավորի։