Ադրբեջանական Minval.az-ը «Призрак Цюриха: причина конфликта между Азербайджаном и Турцией» վերնագրով հոդվածում անդրադառնում է հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը:
Իհարկե, զարմանալի է, որ ադրբեջանական կողմին այդ հարցը մտահոգել է, որովհետեւ հայ-թուրքական սահմանի բացման մասին ՀՀ իշխանությունների երազանքներից բացի ոչինչ հայտնի չէ: Հոդվածում հեղինակ Մաքսուդ Սելիմովը գրում է. «Թուրք-հայկական սահմանի բացումը կարող է թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարման պատճառներից մեկը լինել: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կար հստակ պայմանավորվածություն՝ հայ-թուրքական եւ ադրբեջանա-հայկական փոխհարաբերությունների կարգավորման ընթացքը պետք է տեղի ունենա համաձայնեցված ու սինքրոնիզացված: Սակայն վերջին իրողությունները կասկածներ են ծնում, թե Անկարան պատրաստվո՞ւմ է այդ գծին հավատարիմ մնալ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 13-ին՝ Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ փաստացի արձանագրել է մոտ ժամանակներս Թուրքիայի հետ սահմանի բացման փաստը»:
Այս անհանգստությունն անհասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան հանուն Հայաստանի ոչ միայն չի փչացնի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլեւ երբեք Հայաստանի համար որեւէ դրական գործընթացի մասնակից չի դառնա: Բայց սա վկայում է, որ հնարավոր է մեր հաշվին կրկին քաղաքական առեւտրի գնան: Հոդվածագրին ամենաշատը «զայրացրել է» այն հանգամանքը, որ Միրզոյանն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» չի կնքվել, եւ սկզբունքային որոշ հարցերի շուրջ կողմերը հանգուցալուծման չեն հասել: Բայց հարց է ծագում՝ այդ երբվանի՞ց ադրբեջանական կողմի համար առավել արժանահավատ դարձան ՀՀ իշխանությունների արած հայտարարությունները, ինչո՞ւ են արձագանքում այս բովանդակությամբ հայտարարություններին, չէ՞ որ ՔՊ-ական իշխանությունը Թուրքիայի հետ սահմանի մոտալուտ բացման մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է:
Minval Politika-ի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն է փորձում այդ գիծն առաջ տանել՝ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը դուրս թողնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այնինչ, հունիսի 8-ին Ֆիդանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Նման դիրքորոշում հայտնեց նաեւ սեպտեմբերին՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Գուցե նպատակը կեղծ քարոզչական թեզ նետելն է հանրային դաշտ, թե Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հարցում տարբեր շահեր ունեն, ու պարտադիր չէ, որ նույն օրակարգով առաջ տանեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ադրբեջանցի հոդվածագիրը գրում է․ «2008 թվականի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի հրավերով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելեց Երեւան, որտեղ ներկա գտնվեց երկու երկրների ազգային հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային հանդիպմանը։ Այս այցը սկիզբ դրեց մերձեցման գործընթացին, որն ավարտվեց 2009 թվականի հոկտեմբերին երկու կողմից «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմամբ՝ ուղղված դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ կապերի կարգավորմանը։ Այդ ժամանակ թվում էր, թե 1993 թվականից փակ սահմանի բացումը շատ մոտ է։ Ադրբեջանն այն ժամանակ կտրականապես դեմ արտահայտվեց Անկարայի եւ Երեւանի միջեւ քաղաքական «մերձեցմանը»՝ շահարկելով հայկական կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացիան»: Ադրբեջանի այս դիրքորոշումը բանակցությունների ձախողման կարեւոր գործոններից էր։ Արդյունքում Ցյուրիխյան արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին։
Կարող է տպավորություն ստեղծվել, թե Անկարան մտադիր է բացել Հայաստանի հետ սահմանը՝ առանց Բաքվի հետ այս հարցը համաձայնեցնելու, սակայն մտավախություն ունի սեփական հասարակության հնարավոր բացասական արձագանքից։ Ոմանք սրանով են բացատրում թուրքական լրատվամիջոցներում եւ քաղաքական շրջանակներում վերջերս ի հայտ եկած հակաադրբեջանական արշավը։ Որոշ խմբավորումներ, հնարավոր է, «միտումնավոր կերպով ձեւավորում են բացասական տրամադրություններ Բաքվի նկատմամբ՝ նպատակ ունենալով հասարակական կարծիքը նախապատրաստել Հայաստանի հետ սահմանի բացմանը»: Պետք է հասկանալ, թե Ադրբեջանի այս մեսիջն ում է ուղղված եւ ինչ նպատակ է հետապնդում: Հիջաբ կրելու արգելքով Ալիեւը որոշել է ատամ ցույց տալ Թուրքիային, գուցե ինչ-որ բարդույթներ են դեր խաղում, եւ Ալիեւ կրտսերը փորձում է Էրդողանին հակազդել:
Ադրբեջանցի վերլուծաբանը գրում է․ «Բնականաբար, Թուրքիան իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը։ Սակայն Ադրբեջանը նույնքան իրավունք ունի ակնկալելու, որ դաշնակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգությանը եւ Բաքվի ազգային շահերին։ Ցյուրիխյան արձանագրությունների պատմությունը ցույց տվեց, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման փորձերը՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը։ 17 տարի անց պատմությունը կարող է կրկնվել։ Եթե Թուրքիան խախտի Բաքվի հետ պայմանավորվածությունները, ապա ներկայիս սառը հարաբերությունները դրա տրամաբանական բացատրությունը կարող են լինել, իսկ դպրոցական համազգեստների շուրջ ծագած վեճը կպարզվի, որ ընդամենը քող է՝ ավելի խոր քաղաքական տարաձայնությունները թաքցնելու համար»։ Ադրբեջանցի հեղինակը՝ ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Թուրքիային: Իսկապե՞ս Ալիեւը կորցրել է իրականության հետ կապն ու կարծում է, թե կարող է Էրդողանի դեմ դուրս գալ, թե՞ սա հերթական թատրոնն է՝ դրսի համար նախատեսված: Մի բան հստակ է՝ աշխարհաքաղաքական զարգացումները մտնում են անկանխատեսելի զարգացումների ու շրջադարձների փուլ, մնում է հասկանալ, թե ով, ինչպես ու որքանով ճիշտ կկողմնորոշվի ստեղծված իրավիճակում:

Բաց մի թողեք
ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի
Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը
Ռուսաստանը կլսի ԱՄՆ-ին, բայց քաղաքական զիջումների չի գնա․ Լավրով